«Ինչ եք առաջարկում՝ դառնանք կրոնական փոքրամասնությո՞ւն» Միքայել Մելքումյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հերքում է մեղադրանքները, թե ԲՀԿ-ն դարձել է Հանրապետականին սպասարկող ուժ նոր Սահմանադրության անցկացման հարցում. «Մենք չենք շեղվել մեր ճանապարհից, բայց նաեւ մենք պարտավոր ենք պարզ ճակատով, առանց քծնանքի անցնենք ճանապարհ»։
Նախագծում Միքայել Մելքումյանը տեսնում է եւ դրական կողմեր, եւ կատարելագործման ենթակա դրույթներ։ Սերժ Սարգսյանի վերարտադրման հարցն էլ է փակված նրա համար, թեպետ դա չի նշանակում, որ նախագիծը նրան կաշկանդելու է. «Որեւէ մեկը ինչի կաշկանդվա՞ծ ա հետագայում ինչ-որ բան զբաղեցնելուց։ Նախկին նախագահները կաշկանդվա՞ծ են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»։
Պատգամավորը երեկ է սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը այսօր նախագծում նրա անձը չի տեսնում, սա մի նախագիծ է, որը վերացնում է իշխանության անձնավորումը. «Դուք հասարակության տագնապներին չեք հետեւու՞մ։ -Իհարկե հետեւում եմ։ -Հասարակության տագնապները վերաբերվում են միայն Սերժ Սարգսյանին։ Ուրիշ ոչ մի բանի չեն վերաբերվում։ -Ես չեմ անձնավորում, ես կարծում եմ, որ անձնավորել պետք չի, համակարգը պետք ա էդ երաշխիքը տա, որ որեւէ սուբյեկտիվիզմ չլինի»։
Ինքն առանձնապես չի ազդվում ԲՀԿ-ի կերպարանափոխության մասին հասարակական կարծիքից՝ կուսակցությունն արդեն կատարել է իր ընտրությունը՝ ինքը ոչ չի ասելու նոր Սահմանադրությանը. «Դուք ի՞նչ եք առաջարկում՝ մենք դառնանք կրոնական փոքրամասնություն եւ անընդհատ ասենք՝ հեռացիր, հեռացիր ու որեւէ մեկը չհեռանա էս 25 տարվա մեջ, եւ մենք կրկնենք էն սխալները, որ կրկնել ա։ Ես ասել եմ՝ ես պարտվող ընդդիմություն չեմ սիրում»։
Դա, իհարկե, չի նշանակում, որ պարոն Մելքումյանը չի լսում ժողովրդի կարծիքը, ինքն ամեն առավոտ մարդկանց հետ վազում է Հրազդանի ձորում, ֆուտբոլ է խաղում, խանութ էլ է մտնում, փողոցում էլ է լինում, այնտեղ էլ մարդիկ կան, բոլորի հետ խոսում է. «Որ ասեմ՝ սահմանադրական փոփոխություններով ոգեւորված ա ժողովուրդը՝ չէ»։
Կա աղքատություն, արտագաղթ եւ սրանք վերացնելու համար ԲՀԿ-ական պատգամավորը կարեւորում է կառավարման համակարգի փոփոխությունը։ Եթե «Ոչ»-ի շարժումը մեծ թափ էլ հավաքի, Միքայել Մելքումյանն այլեւս ոչ չի ասի այս նախագծին. «Ի՞նչ կապ ունի թափը, թափ թող հավաքի, խնդիր չկա, մենք հարգում ենք ցանկացած թափանիվ»։