«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

10/22/2010

«Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ  ժամանակակից տեխնիկայով հագեցած սրտաբանական կենտրոնի բացումը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ու «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի ուղեկցությամբ շրջեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Պրն. Ծառուկյանը հանդիպեց նաև բուժանձնակազմի հետ, պատասխանեց նրանց հարցերին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ողջունեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին,  Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և բուժանձնակազմին և հավելեց. «Ի շնորհիվ Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի բոլոր մարզերում բժիշկների համար ապահովվել են աշխատանքային պատշաճ պայմաններ, բուժկենտրոններն ապահովված են դեղորայքով ու անհրաժեշտ սարքավորումներով»:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր խոսքում անդրադարձավ կատարված աշխատանքներին և նախատեսվելիք ծրագրերին: 
«Նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը ՀՀ բոլոր մարզերում կանցնացվի առողջության մեկամսյա ծրագիրը, որի շրջանակներում անվճար հետազոտություններ և բուժումներ կկատարվեն: Անհրաժեշտության դեպքում  բուժումը կկատարվի «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում բացարձակ անվճար հիմունքներով»,- հայտարարեց նախարարը:

Պրն. Ծառուկյանն իր խոսքում ընդգծեց, որ կարևորը մարզերում առողջ ու բարեկեցիկ ընտանիքներ ունենալն է. «Որքան ընտանիքն առողջ է, այնքան երկիրն ամուր է: Մենք ամուր ենք կանգնած մեր երկրի ու մեր հողի վրա:»ԲՀԿ առաջնորդը կարևորեց բուժանձնակազմի աշխատանքը նշելով, որ նրանց ի վերուստ տրված է Աստվածային շնորհ և նրանց արածը երբեմն ավելին է քան մարդու կյանքը փրկելն ու կյանք պարգևելը:
Գագիկ Ծառուկյանը հավելեց. «Ես հպարտ եմ, որ առողջապահության ոլորտն ունի ԲՀԿ-ական նախարար, ով հստակ պատկերացում ունի ոլորտի մասին և ամենայն պատասխանատվությամբ ու սիրով է կատարում իր աշխատանքը:»