«Ես չունեմ իրենց տալու 1000 դրամ, որովհետև վստահություն չունեմ, որ դա նույնպես չի գրպանվի». Լյովա Խաչատրյան

11/14/2016

«Ես չունեմ իրենց տալու 1000 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` մեկնաբանելով զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով հաջորդ տարվանից յուրաքանչյուր աշխատողից ամսական գանձվելիք 1000-ական դրամների հարցը:

Նա նշեց, որ սա անհասկանալի է, իսկ հասկանալու դեպքում, թե ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց, ինչո՞ւ առաջացավ 1000 դրամներ հավաքելու անհրաժեշտություն, որոշում կկայացնի.

«Մինչ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ 1000 դրամների անհրաժեշտություն առաջացավ, մինչև չհասկանամ՝ ինչպես են ծախսվել վարկերը, ինչպես են կատարվել գնումները, որտե՞ղ են այդ փողերը, ես նման հազար դրամ տալու ցանկություն չունեմ: Կխլե՞ն, թող խլեն, բայց ես ցանկություն չունեմ տալու, որովհետև վստահություն չունեմ, որ դա նույնպես չի գրպանվի»:

Լ. Խաչատրյանը մատնանշեց մի անարդարություն, որ, եթե օրենքում 2017թ. զոհվածների մասին է խոսքը, ապա, օրինակ, 2016թ. զոհվածների հարցը բաց է մնում, և եթե 2016թ. զոհվածներին չեն փոխհատուցում, ապա զոհվածի կամ հաշմվածի հարազատները պետք է տա՞ն 2017-ին. «Բավարար չէ, որ միայն 2017-ին են տալիս, 2016-ի հարազատն էլ դեռ պետք է տա: Սա պարզապես անարդար է»:

 

http://168.am/2016/11/12/715493.html