«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՀ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

03/20/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, մարտի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ վերջիններիս թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը:

ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար, ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Հարություն Քուշկյանը: ԲՀԿ ընտրական ցուցակում երկրորդն է ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, իսկ ցուցակում երրորդն է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտա Մաթևոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցելու է 122 անդամներից կազմված ցուցակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կոալիցիայի անդամ-կուսակցություններին, ընդդիմության թեկնածուներին և պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առողջ մրցակցության պայմաններում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջ ինստիտուցիոնալ ռեսուրսն օգտագործելու է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ: