«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

02/28/2009
2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետեւանքով զոհվեցին մեր երկրի 10 քաղաքացիներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Միաժամանակ, մենք վերստին մտահոգությունն ենք հայտնում մարտյան դեպքերի քաղաքական շահարկման,  հանրության մեջ թշնամանքն ու անհանդուրժողականությունը խորացնելուն միտված գործողությունների եւ նախաձեռնությունների կապակցությամբ:

Անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի խորացումը կարող է հանգեցնել հանրային կյանքի բնականոն ընթացքի լուրջ խաթարման: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հանդես է եկել քաղաքացիական համաձայնության եւ հանդուրժողականության հաստատման դիրքերից: Ոչ թե առճակատում, այլ քաղաքացիական համերաշխություն եւ երկխոսություն. սա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը:

Մենք խորապես համոզված ենք, որ միայն քաղաքացիական համաձայնության և քաղաքական ուժերի միջեւ երկխոսության ճանապարհով հնարավոր է հաղթահարել մեր երկրի եւ հանրության առջև ծառացած մարտահրավերները, նպաստել ազգային միասնության մթնոլորտի հաստատմանը եւ իրականացնել բարգավաճ հայրենիք ունենալու բոլորիս նվիրական երազանքը:


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ