«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՀԱՐԿԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

02/02/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարի 2-ին լրագրողներին տեղեկացրեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը դեմ է համաշխարհային ճգնաժամի պայմաններում ՀՀ-ում հարկերի բարձրացմանը:

«Եթե հարկերը այս ժամանակահատվածում ավելացնեն, մենք նորից դեմ ենք քվեարկելու: Այսօր մենք պետք է կարողանանք հարկերը պակասեցնել, սառեցնել, որ մարդիկ կարողանան ճգնաժամից դուրս գալ»,-նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով, որ եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, համաշխարհային ճգնաժամը երկրի տնտեսությանը կարող է մեծ վնասներ հասցնել:

Լրագրողների ուշադրության կենտրոնում է նաև փետրվարի 12-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարը: «Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր առջև ընդդիմադիր դաշտ անցնելու նպատակ է դրել» հարցին պատասխանեց Գագիկ Ծառուկյանի նորանշանակ մամուլի խոսնակ Խաչիկ Գասլտյանը. նա տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման խնդիր չունի և շարունակելու է իր հետագա գործունեությունը կոալիցիոն կառավարության կազմում: Մամուլի խոսնակը կարևորեց ԶԼՄ-ների գործունեությունը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործում: