«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

02/12/2009
Անդրադառնալով կուսակցության՝ վերջին երկու տարիների գործունեությանը՝ պրն Ադամյանը նշեց, որ տևական աշխատանքի շնորհիվ ամենաբանիմաց և հավատարիմ կուսակցականների ջանքերով ձևավորվեցին 52 տարածքային կառույցներ, որոնք այսօր համակարգում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը տեղերում՝ մշտական կապ պահելով ԲՀԿ Քաղաքական խորհրդի և հանձնաժողովների հետ:

ԲՀԿ Քաղխորհրդի նախագահի տեղակալի կարծիքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցներում աշխատող մարդկանց նվիրվածության, օր օրի ամրապնդվող կարգապահության շնորհիվ է, որ կուսակցության իրականացրած զանգավածային միջոցառումները իրադարձություն են դառնում երկրի քաղաքական կյանքում:

«Թե ներկուսակցական, թե զանգվածային միջոցառումները մշտապես անցնում են առավելագույնս կազմակերպված, կուսակցականների ու համակիրների բարեհաճ պատրաստակամության մթնոլորտում: Սա խոսում է մի բանի մասին, որ մեր գաղափարախոսությունը կենսունակ է, իսկ մեր առաջնորդի կերպարը շարունակում է գրավիչ լինել մեր ժողովրդի համար»,-հավելեց ԲՀԿ Քաղխորհրդի նախագահի տեղակալը:

Ավարտելով ելույթը՝ պրն Ադամյանը վստահություն հայտնեց, որ համագումարըը նոր Քաղխորհրդի կազմում կընդգրկի արժանավոր ու նվիրված մարդկանց, ում համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարներին ծառայելը պատվի հարց է, իսկ քաղաքական խորհրդի նորընտիր անդամներին Սամվել Ադամյանը հաջողություն մաղթեց: