«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը , մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը: Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը , չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը , չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները: