«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

06/01/2020

Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը ոչ միայն նրանց մանկությունն անհոգ ու երջանիկ դարձնելու, այլև մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար:

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները: Հենց մանկության տարիներին է, որ քայլ առ քայլ բացահայտվում են ձեր տաղանդն ու ունակությունները, որոնցով դուք ապագայում աչքի եք ընկնելու , շենացնելու և հզորացնելու եք մեր հայրենիքը: Իսկ մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք ամեն ինչ անել ձեզ աջակցելու, խրախուսելու և քաջալերելու համար:

Երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տոնին նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի չեն անցկացվում, սակայն վստահ եմ՝ մենք միասին համախմբվելու և տոնելու դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: