«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԲՀԿ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Հարգարժան հյուրեր,
համագումարի հարգելի պատվիրակներ,
Ողջունում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հինգերորդ համագումարում:
Այսօր էլ մեր պետության առջև ծառացած են շատ լուրջ հիմնախնդիրներ՝ առկա է որոշակի սոցիալական դժգոհություն, գնաճ, գործազրկություն, արտագաղթ: Մենք վճռական ենք այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով ու միասնական ուժերով մենք կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ կառուցենք իրապես հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան:
Հարգելի գործընկերներ.
Անցած երկու տարիները կարևոր ժամանակաշրջան էր նաև մեր կուսակցության կայացման համար: Նախորդ համագումարում մենք հայտարարեցինք կուսակցական շինարարության նոր փուլի մասին, կուսակցության կազմակերպական-կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնության մասին:
Այսօր արդեն կարող ենք փաստել, որ ավարտին են հասցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցների ձևավորման աշխատանքները, ավելի համակարգված են դարձել մեր կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքները: Ժողովուրդն այսօր վստահում է մեզ, հավատում է մեր խոսքին ու գործին: Արդյունքում այս տարիների ընթացքում մեծացել է հոսքը դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, մեր կուսակցության վարկանիշը հաստատուն բարձր է մեր ժողովրդի շրջանում: Նորանոր մարդիկ, կոլեկտիվներ ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ: Վերջին ժամանակներում Դուք ականատես եղաք, որ առանձին կուսակցություններ որոշումներ կայացրեցին լուծարվելու և մեզ միանալու մասին: Մենք այդ գործընթացը բնական ենք համարում:
Մեր խորին համոզմամբ, կուսակցությունների խոշորացման գործընթացները մեր երկրում պետք է շարունակվեն, դրանից կշահի միայն մեր ժողովուրդը, շարքային քաղաքացին ու ընտրողը: Քաղաքական ավելի փոքր ուժերը պետք է միավորվեն խոշորների շուրջը, ում ծրագրերին ու գաղափարներին ավելի մոտ են: Մեր բոլորի նպատակներն ու ցանկությունները մեկն են՝ որ մեր ժողովուրդը լավ ապրի, կարողանա ապրել և ստեղծագործել բարեկեցիկ ու բարգավաճ երկրում:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր երկրի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, համախմբված ու միասնական, ամրակուռ քաղաքական թիմով, պատրաստ կյանքի կոչել մեր քաղաքական ծրագրում ամրագրված բոլոր նպատակներն ու գաղափարները:
Հարգելի գործընկերներ,
քաղաքականության մեջ և ընդհանրապես կյանքում կա մի կարևոր օրինաչափություն. որքան քաղաքական գործչի կամ կուսակցության հեղինակությունը բարձր է, այնքան բարձր պետք է լինի նաև պատասխանատվության աստիճանը:
Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, լավ ենք հասկանում, որ մեր երկրում ընթացող խորքային քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների համար հարկավոր է հաստատակամություն, հետևողական և լարված աշխատանք: Միաժամանակ, մեր խորին համոզմամբ, այդ բարեփոխումների հաջողության գրավականը առողջ քաղաքական սերնդափոխությունն է և երիտասարդների առավել ակտիվ ներգրավումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին:
Հայ երիտասարդն այսօր պետք է իրեն ապահով ու պաշտպանված զգա, որակյալ կրթության և արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենա: Նա չպետք է իր բախտը օտար ափերում փնտրի, այլ պետք է իր հույսը կապի մայր հայրենիքի, մեր պետության ու պետականության հետ: Մենք պետք է ավելի մեծ տեղ տանք երիտասարդ կադրերին, վստահենք նրանց պատասխանատու ոլորտներ: Վստահենք ու պահանջենք, առողջ մրցակցային դաշտ ստեղծենք սեփական ուժերը լիարժեք դրսևորելու համար: Ես վստահ եմ, որ այդ դեպքում հաջողությունները չեն ուշանա: Եվ մենք ապագայում կունենանք ավելի բանիմաց սերունդ, ավելի որակյալ կառավարում, ավելի հզոր Հայաստան:
Սիրելի գործընկերներ, առաջիկայում մեզ սպասում են քաղաքական կարևոր իրադարձություններ՝ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններն են: Վերջին տարիներին ընտրությունները, դրանց նախորդող նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընթանում մեր երկրում: Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժությունը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությունը: Քաղաքական ուժերը մեր երկրում պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոնների համաձայն:
Քաղաքական ուժերի միջև առողջ մրցակցությունը, մտքերի ու տեսակետների ազատ արտահայտումը, բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը անվիճելի ժողովրդավարական արժեքներ են, որոնք պետք է պահպանել և զարգացնել: Սա է դեպի ժողովրդավարություն տանող ուղիղ ճանապարհը:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը ունի բավարար քաղաքական կամք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ապագան ժողովրդավարական պետությունն է, ժողովրդավարական պետության գրավականը ազատ և արդար ընտրություններն են:
Ընտրությունները պետք է միավորեն հայ հասարակությանը, ձևավորեն մեր երկրի զարգացման միասնական ծրագրեր և մոտեցումներ:«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին, ազատ մրցակցությանը:
Հարգելի կուսակցականներ, առջևում մեզ սպասում է հետևողական ու համառ աշխատանք ի շահ մեր պետության ու մեր քաղաքացիների բարեկեցության:
Աստված մեզ պահապան,
դեպի աշխատանք, դեպի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան:
Շնորհակալություն: