Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է Այսօր ԵԽԽՎ-ում ՝ ՙՄամուլի պատասխանատվության եւ էթիկայի խնդիրները՚ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։
Հարգելի գործընկերներ,
Ես նախկին լրագրող եմ եւ խնդիրը, որը մենք այսօր քննարկում ենք՝ վստահաբար խիստ արդիական է։ Այո, սրընթաց փոփոխվող մեդիա դաշտում, ինչպես արձանագրել է զեկուցող, մեր գործընկեր Արիեւը, լրատվամիջոցները, ունենալով ֆինանսական լրջագույն խնդիրներ, պրոֆեսիոնալ առումով դառնում են խիստ խոցելի՝ կախված լինելով իրենց ֆինանսավորողներից։ Իսկ ֆինանսական դոպինգի արդյունքը մեկն է՝ ոչ օբյեկտիվ լրատվություն եւ ֆինանսավորողի քաղաքական կամ տնտեսական շահերի սպասարկում։ Ահա այստեղ է, որ առաջանում է լրատվամիջոցի էթիկայի ու պատասխանատվության խնդիրը։ Որովհետեւ վճարողը ձեւակերպում է իր քաղաքական պատվերն ու նման դեպքում բացարձակ անիմաստ է դառնում խոսել ազատ մամուլի եւ խոսքի ազատության մասին։ Արտաքին ֆինանսավորումից կախված լրատվամիջոցը այլեւս դադարում է իրականացնել իր մասնագիտական առաքելությունը՝ վերածվելով ֆինանսավորողի անձնական գործիքի։ Իհարկե, ողջունելի են թե՜ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված՝ Լրագրողների վարքագծի սկզբունքների Հռչակագիրը, թե՜ ԵԽ անդամ գրեթե բոլոր պետություններում լրագրողների ու լրատվամիջոցների կողմից ներպետական մակարդակով ընդունված վարքագծի կանոնները: Սակայն, լինենք անկեղծ, արդյո՞ք այդ վարքագծի կանոնները իրականում կարգավորում են այնպիսի արդիական խնդիր, ինչպիսին լրատվամիջոցի էթիկան ու պատասխանատվությունն են, որը ներկայացված զեկույցի հիմնահարցն է։ Հայաստանում դեռ 2007 թվականին է ստեղծվել լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը մշակել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը։ Դիտորդ մարմինը գործում է մինչ օրս, այդ կառույցում պարկեշտ եւ պրոֆեսիոնալ մարդիկ են, նշյալ էթիկայի կանոնագրի տակ ստորագրել են Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն, նշյալ լրատվամիջոցներից որոշները հենց իրենք են էթիկայի նորմերի առաջին խախտողները։ Ուստի, հարգելի զեկուցող, իմ մոտեցումը հարցին քիչ այլ է. քանի դեռ լրատվամիջոցները չունեն ֆինանսական անկախություն եւ գտնվում են տարբեր քաղաքական-տնտեսական կենտրոնների ֆինանսական ազդեցության տակ, մենք պարբերաբար բախվելու ենք նույն խնդրին՝ լրատվամիջոցի էթիկայի ու պատասխանատվության խնդրին։ Մի առիթով Մարկեսին հարցրել են՝ ՙԻնչպե՞ս է հնարավոր տարանջատել էթիկան պրոֆեսիոնալիզմից ՚։ Վերջինս պատասխանել է՝ ՙԴա նույնն է, որ փորձես տարանջատել բզզոցը ճանճից՚։ Այսինքն՝ որտեղ կա էթիկայի խախտում՝ չի կարող լինել պրոֆեսիոնալիզմ։ Սա աքսիոմ է։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա իմ վստահ համոզմամբ՝ դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է՝ ստանալ հավաստի տեղեկատվություն։ Իսկ այն, ինչի մասին խոսել է Մարկեսը՝ էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի անքակտելիության, դա արդեն յուրաքանչյուր լրատվամիջոցի եւ լրագրողի անձնական ընտրության հարցն է։
Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ վերջին օրերին Երեւանում ընթացող ցույցերի ժամանակ բռնություն է կիրառվել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ, ինչը անընդունելի եւ խստորեն դատապարտելի է։