Ժամավաճառների համար ուղղակի տառապանք են լինելու 2017-ի նիստերը. Նաիրա Զոհրաբյան

12/15/2016

 

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը պաշտպանելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկված փոփոխությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովի գլխավոր ամբիոնի մոտից ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր խորհրդարանում մեկնարկած արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքը, ընդգծեց՝ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինելու:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ ապագա խորհրդարանում կաշխատեն իրապես պրոֆեսիոնալները: «Ժամավաճառների համար ուղղակի տառապանք են լինելու 2017-ի նիստերը, դիսկոմֆորտը մեծ է լինելու: Այսինքն` նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու, այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե՞՝ չէ, թե՞ լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար:
Կարևոր է, որ այս օրենքը հնարավորինս առավելագույն արդյունք տա: Հավելեմ, որ ԲՀԿ-ի առաջարկներից շատերն այս նախագծի վերաբերյալ ընդունվել են և միայն մեկ սկզբունքային առաջարկության ընթացք չի տրվել»,- մեկնաբանեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով, երբ հաձնաժողովը գլխադասային է, և կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորների նախաձեռնությանը, ապա դա առաջարկվում է ներկայացնել ԱԺ-ում 3 րոպե: Զոհրաբյանը կարծում է, որ պետք է 3 րոպե ժամանակահատվածն էլ հանել:

«Հնարավոր չի լինի ներկայացնել նախագծի փիլիսոփայությունն ու բովանդակությունը: «Галочка»-ի համար է, այսինքն՝ ձեզ էլ հնարավորություն տալ խոսելու սերիայից է: Ո՞նց է լինում, երբ Կառավարությունը «Օk» է տալիս, գլխադասային հանձնաժողովն անմիջապես դրական եզրակացություն է տալիս, իսկ եթե չէ, ուրեմն՝ գլխադասայինն էլ չէ: Առաջարկել ենք 10-15 րոպե տալ ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը, որպեսզի խորհրդարանը որոշի՝ այո՞, թե՞՝ ոչ»,- շարունակեց Զոհրաբյանը: 

Օրինագծի մեջ  ԲՀԿ-ականն իր համար կարևոր խնդիր է առանձնացրել, այն է՝ երբ պատգամավորը, չկիսելով խմբակցության տեսակետը, պետք է վայր դնի մանդատը:

«Իհարկե, այս խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, բայց միանշանակ համաձայն եմ, որ ժողովուրդն ընտրում է այդ ցուցակում լավագույն դեպքում լիդերին, ով ցուցակը ղեկավարող անձն է լինելու»,- ասաց նա՝ հավելելով,-«Համաձայն եմ՝ պատգամավորն ազատ է քվեարկելու հարցում, բայց կա խմբակցություն, որտեղ կարող են տեսակետը ներկայացնել, կռվել, քննարկել: Բայց երբ խմբակցությունն արդեն իսկ կայացերլ է իր որոշումը, բոլորը պարտավոր են հարգել այն: Եվ դա այդպես է ժողովրդական բոլոր խորհրդարաններում: Եվ անկախ նրանից, թե պատգամավորն խմբակցության ներսում  ինչ առճակատումներ ունի, պետք է ընդունի մեծամասնության որոշումը»:

http://haymedia.am/?p=10609&l=am%2Fgamavacharneri+hamarvo%D6%82xxaki+tar...