Հանդիպում Բունդեսթագի պատգամավորների հետ
Ապրիլի 16-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի եւ Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է իր դիրքորոշումը այն մոտեցումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է, որ հիմք հանդիսանան ՀՀ-ԵՄ իրավական ապագա փաստաթղթի համար: Տիկին Զոհրաբյանը գերմանացի պատգամավորներին հրավիրել է մասնակցելու վաղը կայանալիք խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պատգամավորներն ու փորձագետները բաց եւ անկաշկանդ պիտի քննարկեն ՀՀ-ԵՄ օրակարգում առկա բոլոր խնդիրները: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության իրավական ապագա փաստաթղթում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության բաղադրիչը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ ապագա փաստաթուղթը չի կարող չունենալ տնտեսական համագործակցության բաղադրիչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ապրանքաշրջանառության կեսը Եվրամիության հետ է: Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ, իհարկե, դա չի կարող լինել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն իր ողջ ծավալով, սակայն կարեւորել է, որ ԵՄ-ն այժմ փորձում է Հայաստանի հետ գտնել այն ընդհանուր եզրերը, որը չի հակասելու մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն կառույցի առջեւ ստանձնած մեր պարտավորություններին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խոսելով այս հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ որեւէ տնտեսական ու քաղաքական շահ երբեւէ չի կարող եւ չպիտի բարձր լինի պատմական ճշմարտությունից: Նա, այդուհանդերձ, շնորհակալություն է հայտնել գերմանացի այն պատգամավորներին, ովքեր ապրիլի 24-ին Գերմանիայի տարբեր համայնքներում ու քաղաքներում կազմակերպելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լոզանի համաձայնագրին եւ Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելուց հետո տարածաշրջանում ստեղծվելիք տնտեսական նոր հնարավորություններին: