Նամակ եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նամակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Եվրոպական խորհրդարանի հարգարժան պատգամավորներ
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին, բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը եւ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին։
Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից, եւ որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։
Հարգարժան գործընկերներ, այս բանաձեւի ընդունմամբ դուք կրկին անգամ վերահաստատեցիք ձեր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու համամարդկային արժեքներին եւ հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որեւէ ժամանակում չի կարող եւ չպետք է լինի սակարկման առարկա։
Որպես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին եւ հատկապես Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքին, որի անդամ է ՙԲարգավաճ Հայաստանը՚։ Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի 11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձեւին։
Մեր խորին շնորհակալությունը Եվրոպական խորհրդարանին։
Հարգանքով՝ ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան: