«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենանվիրական տոներից է։
Ուղիղ 20 տարի առաջ դրվեցին հայոց բանակի կազմավորման հիմքերը, բանակ, որն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն է, բանակ, որով մենք հպարտանում ենք, բանակ, որը փայլուն կատարեց իր առջև դրված գերակա խնդիրը՝ ազատագրեց Արցախն ու այսօր էլ անառիկ է պահում մեր պետության սահմանները: Բանակը մեր ազգի մեծագույն ձեռքբերումներից է, մեր պետականության հզորության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման, ստեղծագործ ու խաղաղ գոյակցության միակ երաշխիքը։
Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Հայրենիքին անմնացորդ նվիրված ու մեր պետականության, հայ ազգի երջանիկ ապագայի համար նահատակված հայոց քաջերի սխրագործությունները երբեք չեն մոռացվի։ Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, նրանց ծնողներին համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։
«Բարգավաճ Հայաստան»
կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյան