ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 25 պետական ոչ առևտրային
կազմակերպությունների տնօրեններ հանդիպեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման թեման, ՊՈԱԿ-ների
տնօրենների անունից, օրեր առաջ մամուլում տարածված, Հայաստանի նախագահին,
վարչապետին ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հասցեագրված, ՀՀ սպորտի և
երիտասարդության հարցերի նախարարության գործելաոճը քննադատող բաց նամակի վերաբերյալ
քննարկումն էր:
Գագիկ Ծառուկյանը, ողջունելով մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչներին,
ընդգծեց, որ նամակի հրապարակումն իր համար տհաճ անակնկալ էր, քանի որ հատկապես
սպորտի ոլորտը գտնվում է նրա ամենօրյա ուշադրության կենտրոնում, և առկա ցանկացած
հարցի ՀԱՕԿ նախագահը փորձում է անձամբ լուծում տալ:
Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ների
տնօրենները նշեցին, որ համացանցում և տպագիր լրատվամիջոցներում հայտնված նամակը
խորը վրդովմունք և վիրավորվածություն է առաջացրել իրենց մոտ:
Իրենց ելույթներում մարզաշխարհի ներկայացուցիչները ընդգծեցին, որ 18 ՊՈԱԿ-ների
տնօրենների անունից հղված նամակն իրականում անորոշ ու անստորագիր է եղել և իրենցից
ոչ ոք որևէ մասնակցություն և կապ չի ունեցել նամակի հետ:
«2012թ.-ը օլիմպիական տարի է,
և ոչինչ չի խանգարելու միասնական ու համերաշխ ընտանիքով աշխատելու և Լոնդոնում
անպայման բարձր ցուցանիշներ նվաճելու մարզաշխարհի ցանկությանը»,-ամփոփում են
հանդիպման մասնակիցները: Իսկ նման
էժանագին նախաձեռնությունների հեղինակներին խորհուրդ են տալիս. զուր ջանքեր և
եռանդ չգործադրել մարզաշխարհի ներկայացուցիչների միջև պառակտում մտցնելու համար,
միևնույն է բոլոր փորձերը, ինչպես և այս մեկը, անհաջողության են մատնվելու: