ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏՈՆԸ
11/18/2011
Նոյեմբերի 17-ը ուսանողության միջազգային օրն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն, տոնի առիթով բազմաթիվ անակնկալներ մատուցվեցին հայ ուսանողներին:
Այս օրը, ավանդաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ուսանողության հետ: Ողջունելով հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ բոլոր ժամանակներում էլ երիտասարդությունն է, որ հանդես է գալիս ազատության, անկախության, հավասարության և համերաշխության վեհ գաղափարների առաջամարտիկների դերում:
«Ավագ սերունդը պարտավոր է երիտասարդների համար ստեղծել կրթվելու և զարգանալու բոլոր հնարավորությունները, որովհետև դուք եք մեր երկրի հենասյուները»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Տոնի կապակցությամբ լավագույն առաջադիմությամբ ավելի քան 300 ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի 100 000 դրամի չափով անվանական կրթաթոշակների: Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների շարքը եզրափակվեց տոնական շքեղ համերգով և գեղեցիկ հրավառությամբ: