Նաիրա Զոհրաբյանը մահապարտների գունդ է հավաքում

02/01/2017

Այս օրերին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Միքայել Մելքումյանի հետ հանրապետության տարբեր մարզերում հանդիպում են ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուների եւ հանձնաժողովների ԲՀԿ-ական անդամների հետ: Նրանք կուսակցական ընկերների հետ վերջին ճշգրտումներն են անում, բացատրում նոր Ընտրական օրենսգրքի նրբություններն ու վտանգները, հստակեցնում են ռեյտինգային ցուցակով առաջադրվողների ցանկը։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը Սպիտակում եւ հարակից գյուղերի ԲՀԿ կառույցներում հանդիպել են ԲՀԿ-ական լիցենզավորված հանձնաժողովականների հետ: Այդ հանդիպմանը ներկաներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ Նաիրա Զոհրաբյանն ասել է`իրեն մահապարտների գունդ է պետք՝ հանձնաժողովի անդամներ, որոնց ոչ հնարավոր է վախեցնել, ոչ հնարավոր է կաշառել եւ ոչ էլ հնարավոր է որեւէ կերպ նրանց վրա ճնշում գործադրել։ Նաիրա Զոհրաբյանն ասել է նաեւ` ով վստահ չէ իր վրա, որ անհրաժեշտության դեպքում կարող է մահապարտ լինել, թող այս պահին հայտարարի եւ նրան կփոխարինեն առավել վստահելիները։ Նաիրա Զոհրաբյանը մի քանի օր ժամանակ է տվել ԲՀԿ բոլոր 62 տարածքային կառույցներին՝ մեկ անգամ եւս զտելու լիցենզավորված անձանց ցուցակները եւ կազմելու մահապարտների գունդ։ Ի դեպ, մեր զրուցակիցը պատմեց, որ Սպիտակում Նաիրա Զոհրաբյանն անգամ սպառնացել է` անձամբ գնդակահարել նրան, ով հանձնաժողովում խաղեր կտա։ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ասել է`ԲՀԿ-ական հանձնաժողովականները պիտի մահապարտներ լինեն, բայց վստահեցրեց, որ որեւէ մեկին չի գնդակահարելու. «Ես վստահ եմ ԲՀԿ-ական մեր հանձնաժողովական գործընկերների վրա, եւ բոլորին կրկին անգամ տրվել է մեկ հանձնարարական՝ կյանքի գնով տեղերում պահել ընտրողի քվեն»: Վերջինս նշեց, որ իրենց հանդիպումները դեռ շարունակվում են, այս պահին Նալբանդ գյուղում են: Հարցին, թե ճիշտ է, որ «Ծառուկյան» դաշինքի հուշագիրը ստորագրվելու է փետրվարի 2-ին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ օրը դեռեւս վերջնականապես ճշգրտված չէ։

 

http://www.aravot.am/2017/02/01/851185/#sthash.ufeet9TR.dpuf