Ոչ կոմպետենտ որևէ մեկն իրավունք չունի քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ
Ոչ կոմպետենտ որևէ մեկն իրավունք չունի քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ
Ասված է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնած Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունում
Հարգելի գործընկերներ,
Անկեղծ ասած, երբ սկսեցի ծանոթանալ Վլադիմիր Արիեւի զեկույցին, որը շատ ակտուալ թեմա է բարձրացնում՝ լրագրողների և ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները Եվրոպայում, հույս ունեի, որ գործ ենք ունենալու անաչառ գնահատականների հետ։ Որպես նախկին լրագրող, ինձ համար իրապես շատ կարեւոր խնդիր է լրագրողների դեմ բռնությունը, որի մասին անպայմանորեն պետք է բարձրաձայնվի մեր կառույցում։ Հույս ունեի, որ պարոն Արիեւն իր զեկույցում կանդրադառնար, օրինակ, Ուկրաինայում քաղաքական նպատակներով փակված «Դոժդ» հեռուստաընկերությանը, ինչպես նաև`
«Մասսայական տեղեկատվության ինստիտուտի» ներկայացրած փաստերին, համաձայն որի՝ միայն անցյալ տարվա ութ ամիսներին Ուկրաինայում արձանագրվել է լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու 224 դեպք, որ իշխանությունները եւ իշխանության հովանավորյալ առանձին դեմքեր սպառնում են լրագրողներին, եւ որ Ուկրաինայում իրավապահները զգուշանում են հարուցել քրեական գործեր կոնկրետ այդ դեպքերով։ Անկեղծորեն ակնկալում էի, որ «սառեցված հակամարտությունների լուրջ գիտակ» Արիեւը չէր շրջանցի անցյալ տարվա հուլիսին Կիեւի կենտրոնում ուկրաինացի հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանությունը, որը, ինչպես վստահեցնում է քաղաքագետ Ալեքսեյ Գարանը՝ ուղղակի կապ ունի ուկրաինական կոռումպացված չինովնիկների հետ, որոնց համար Շերեմետը մահացու վտանգ էր։
Այս եւ նման լրջագույն խնդիրներին անդրադառնալու փոխարեն, պարոն Արիեւը իրեն իրավունք է վերապահել քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մեջ, թույլ տալով անընդունելի ձեւակերպումներ եւ եզրահանգումներ։ Իմ տպավորությամբ, զեկույցի հեղինակը Եվրոպայում մամուլի ազատության թեման օգտագործել է որպես պատրվակ՝ իր զեկույցում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իսկ Արցախի իշխանությանը՝ անջատողականներ որակելու համար։ Պարոն Արիեւ, ակնհայտորեն ձեզ հանգիստ չեն տալիս Լուկա Վոլոնտեի, Բոբ Վոլթերի, Մելիսա Մարկովիչի եւ ԵԽԽՎ մի շարք այլ պատգամավորների դափնիներն ու դուք գլխապատառ շտապում եք գրավել նրանց տեղը։ Խորհուրդ չէի տա, որովհետեւ նրանց ու Ադրբեջանի մնացյալ լոբբիստներին լավ օրեր չեն սպասվում։
Ի դեպ, ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա, իմ կարծիքով, ամենաքիչը դուք իրավունք ունեք խոսելու խոսքի ազատությունից, դուք, որ դեկտեմբերի 22-ին Ուկրաինայի Ռադայում ձեր ելույթով ամեն ինչ արեցիք, որպեսզի Ռադան կողմ քվեարկի մեր գործընկեր Նադեժդա Սավչենկոյին ԵԽԽՎ-ից հեռացնելու օգտին։ Սավչենկոյին դուք եւ ձեր գործընկերները հեռացրեցին նաեւ «Բատկիվշինա» կուսակցությունից եւ Ռադայի Ազգային անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովից։ Ընդ որում, դուք դա արեցիք միաձայն, առանց անգամ մեկ դեմ ձայնի։ Իրապես, խոսքի եւ մտքի ինչպիսի՞ ազատություն։ Եւ ինչի՞ համար։ Ընդամենն այն բանի համար, որ Սավչենկոն Մինսկում հանդիպել էր Լուգանսկի եւ Դոնեցկի լիդերների հետ՝ քննարկելու ռազմագերիների փոխանակման հարցերը։
Այնպես որ, դուք իրավունք չունեք խոսելու ո՛չ խոսքի ազատությունից եւ ո՛չ էլ մարդու իրավունքներից, եւ առավել եւս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից, որի լուծումը, բարեբախտաբար, ձեր ու ձեր նմանների իրավասությունը չէ։