«Ողբամ «Հանրապետական» կուսակցությանը՝ նման քաղաքապետ ունենալու համար». Նաիրա Զոհրաբյանը՝ Վանաձորի քաղաքապետի մասին

01/11/2017

«Ցավալի է, որ Մամիկոն Ասլանյանը դարձել է քաղաքապետ ու այս ընթացքում չի հասցրել ծանոթանալ այն օրենքին, որով ինքն իբր ընտրվել է  քաղաքապետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները կառավարություն դիմում են ներկայացրել, որով պահանջում են կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել։ Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այդ առնչությամբ ասել էր.

«Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանն ու Էդմոն Մարուքյանն ի՞նչ կապ ունեն Վանաձոր քաղաքի ավագանու հետ, որ դիմում են ստորագրում՝ ներկայացնում կառավարություն, թե՝ Վանաձորի ավագանու լիազորությունները կրճատեք: Այդ նույն հաջողությամբ Վանաձորի ավագանին դիմում ներկայացնի, ասի՝ Էդմոն Մարուքյանին մանդատից զրկեք, ճի՞շտ կլինի»:

Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ համամասնական ցուցակների քաղաքական պատասխանատուները քաղաքական կուսակցություններն են.

«Ի գիտություն Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորում ընտրությունները տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով, ընտրություններին մասնակցել են քաղաքական կուսակցությունները՝ իրենց ներկայացրած համամասնական ցուցակներով, ուստի ավագանու գործունեության համար քաղաքական պատասխանատվություն կրում են այն  քաղաքական կուսակցությունները, ովքեր այդ բավականին բարդ ընտրապայքարում կարողացան Վանաձորում ունենալ Ավագանի։ Եթե Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ տեղյակ չէ, որ քաղաքական պատասխանատվությունն իրենց համամասնական ցուցակների համար կրում են քաղաքական կուսակցությունները, ողբամ «Հանրապետական» կուսակցությանը՝ նման քաղաքապետ ունենալու համար»։

 

https://168.am/2017/01/11/739151.html