Նաիրա Զոհրաբյանը և բոլոր ԲՀԿ-ականներն առաջադրվելու են նաև ռեյտինգային ընտրակարգով

01/09/2017

 

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև կուսակցության բոլոր անդամներն առաջադրվելու են նաև տարածքային ցուցակներով՝ ռեյտինգային ընտրակարգով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեզանում չի լինելու տարանջատում՝ սա քաղաքական թիմի ներկայացուցիչ է, տարածքայինով չպետք է առաջադրվի, այդպես չի լինելու: Մենք բոլորս առաջադրվելու ենք նաև ռեյտինգային ընտրակարգով՝ ես, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը: Եվ քանի որ կուսակցությանը տրվելիք ձայնը գալու է ռեյտինգային թեկնածուներին տրվելիք ձայնից, նման որոշում կա կուսակցությունում: Թե ես կոնկրետ ո՞ր ընտրատարածքից կառաջադրվեմ՝ չգիտեմ, բայց կոնկրետ իմ համար, օրինակ, բացարձակ էական չէ, թե որտեղ, և նաև էական չէ իմ բնակության վայրը՝ «Կենտրոն» վարչական շրջան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելին՝ Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կառաջադրվի Սյունիքում, «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանում կամ որևէ այլ շրջանում՝ «Կենտրոնում» կամ «Արաբկիրում»:

«Ինձ համար բացարձակ որևէ տարբերություն չկա, և Հայաստանի բոլոր 13 ընտրատարածքներն էլ ինձ համար հավասարապես ընդունելի են»,-ասաց նա:

Հարցին, թե չէ՞ որ կան ընտրատարածքներ, նույն՝ Մալաթիա-Սեբաստիան, որտեղ հատկապես «թեժ գլադիատորական մարտեր» են սպասվում, պատգամավորը պատասխանեց. «Ես գլադիատորական մարտերի չեմ մասնակցելու, որովհետև, բնականաբար, փողի մասին խոսակցություն չի կարող լինել, ներկայացնելու եմ մեր ծրագիրը, մեր տեսակետը: Ընտրողը թող արդեն ընտրություն կատարի փողի և այն ամենի միջև, որ կառաջադրվի իմ ու մեր թիմի կողմից»:

Նշելով, որ այս առումով բոլոր հարցերին պատրաստ կլինի պատասխանել կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո միայն՝ Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Մեզ մոտ չեն լինելու ցուցակով անձեռնմխելի մարդիկ, որոնք լինելու են համամասնական ցուցակի «ապահով» տեղերում: Եվ եթե վստահ ես քո վարկանիշի վրա, ապա որևէ բան չի խանգարում քեզ առաջադրվել այս ընտրակարգով և առանց մեկ լումա ծախսելու, ստանալ վստահության քվե»։

 

http://www.tert.am/am/news/2017/01/09/elections/2243263