Էնֆիաջյանը՝ փոխնախարարին. Ես Ֆիննախի հաշվարկից եմ հարցնում, Դուք հեռախոսով բազմապատկում–բաժանում եք
ՀՀ ֆինանսների նախարարությունը անգամ տեղեկանք չի պատրաստել նոր վարկի բյուջետային ծանրաբեռնվածության մասին։ Այս մասին դեկտեմբերի 22-ին ԱԺ–ում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիական զարգացման գործակալության վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ։
40 մլն եվրոյի վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 6-ը՝ արտոնյալ ժամկետով։
Որպեսզի պատասխանի հարցին, թե երբ եւ ինչպես պետք է մարվի այդ վարկը, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը սկսեց հաշվել հենց ամբիոնի մոտ։ Էնֆիաջյանին դա դուր չեկավ։ «Ինչպե՞ս կարելի է։ Մեզ հաճախ են ուղղակի խայտառակ պայմանագրեր ներկայացրել։ Բայց այնտեղ մանրամասն հաշվարկներ են եղել վարկի մարման մասին՝ տարիներով եւ գումարի չափով։ Իսկ այստեղ անգամ դրանք էլ չկան։ Դուք գալիս եք եւ ուզում եք տեղում ինչ–որ բան բազմապատկել–բաժանել»,– վրդովվեց պատգամավորը։