Շատ կարեւոր է, որ Սեյրան Օհանյանը չի գալիս կազմաքանդելու գիլիոտինի կարգախոսներով. Նաիրա Զոհրաբյան

12/20/2016

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարության մեջ 2 կարեւոր մեսիջ կա: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Նախ, շատ կարեւոր է, որ Սեյրան Օհանյանը չի գալիս կազմաքանդելու գիլիոտինի կարգախոսներով, որովհետեւ այդ փոխադարձ ատելության, թշնամանքի մթոնոլորտը կործանարար է լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ, ուղղակի այլասերելու է դաշտը: Ինքն էլ հասկանում է փոխադարձ ատելության ու թշնամանքի կործանարարությունը: Երկրորդ, լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը, որովհետեւ հատկապես Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո շատ սպեցիֆիկ են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Լայն կոնսոլիդացիա ասելով` ես նկատի չունեմ միայն դաշինքներ եւ միասնական ցուցակ, այլ ոչ իշխանական քաղաքական ուժերի միջեւ ընտրակեղծարարությունների դեմ պայքարի մեկ միասնական ճակատ ձեւավորելու անհարժեշտությունը»,- ասաց Նաիրա Զոհբարյանը:

 

ԲՀԿ նախագահի խոսքով` իրենք Սեյրան Օհանյանի հետ հավանական համագործակցության վերաբերյալ որեւէ հանդիպում, քննարկում տեղի չի ունեցել: Սերտ համագործակցության մասին, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հնարավոր է խոսել միայն այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը կհստակեցնի, թե որ քաղաքական թիմով է մտնում քաղաքականություն, պարզ կլինի իր համախոհների քաղաքական օրակարգը` տնտեսական, ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ սա իշպխանությունների պրոյեկտն է, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք տալ մեկ կուսակցության անուն, որին որեւէ ժամանակ կպած չլինի «իշխանության պրոյեկտ» պիտակը, չկա այսպիսի քաղաքական: Ի վերջո, բոլոր քաղաքական ուժերի հանրային վստահության մասին մենք իրավունք կունենանք խոսելու ապրիլի 2-ին ժամը 24:00-ից հետո, երբ պարզ կլինեն ընտրությունների նախնական արդյունքները: Հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ էլ ֆեյսբուքյան հարթակում սուրեր ծածանող քաղաքական ուժեր կային, բոլորին վարկաբեկող քաղաքական ուժեր կային, որոնք վստահ էին, որ ՏԻՄ ընտրություններում լինելու են Ռոբին Հուդն ու Մովսեսը, արդյունքը տեսանք: Այնպես որ կրկնում եմ` կա մեկ ինդիկատոր չափելու հանրային վստահությունը, ընտրություններն են: Կեղծ ֆեյքերով, լայքերով փորձել հասարակական կարծիք ձեւավորել, ոչ միայն դատապարտելի է, այլեւ խիստ զվարճալի զբաղմունք է»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ինքը որոշում է կայացրել` ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին:

«Կարեւորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»,- իր հայտարարության մեջ նշել է նախկին նախարարը:

Խոսակցություններ կան, որ Սեյրան Օհանյանը միանալու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը:

 

https://news.am/img/news/36/38/48/default.jpg