ԵԽԽՎ-ում կաշառակերությունը նորություն չէ. չի բացառվում, որ կաշառքից անմասն չմնացած Ագրամունտին պատգամավորները անվստահություն հայտնեն. Նաիրա Զոհրաբյան

12/19/2016

ԵԽԽՎ-ում տասնյակ պաշտոնյաների կաշառման մասին աղաղակող փաստերը նորություն չեն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ այդ շղթայում ներգրավված են ոչ միայն Վեհաժողովի պատվիրակներն, այլև հենց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:

«Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» անունը կրող զեկույցի երկրորդ մասը, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից եվրոպացի տասնյակ պաշտոնյաների կաշառման աղաղակող նոր փաստեր:

Մասնավորապես, նշվում է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար, Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը: Իտալիայի գլխավոր դատախազությունը հաստատել է նրա ակտիվ մասնակցությունը կոռուպցիոն սխեմաներում, և Վոլոնտեն համաձայնել է համագործակցել քննչական մարմինների հետ: Վոլոնտեն հրապարակել է եվրոպացի շատ պաշտոնյաների անուններ, ովքեր գումարներ են ստացել Ադրբեջանից:

Հետքերն այս առումով տանում են ԵԽԽՎ նախագահ, Իսպանիան ներկայացնող Պեդրո Արգամունտի մոտ: Անձամբ Վոլոնտեն խոստովանել է , որ Ադրբեջանից երեք միլիոն եվրո է ստացել Բաքվին մատուցած կեղտոտ լոբբիստական ծառայությունների դիմաց: Ադրբեջանից ստացված գումարների մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների:

Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատահական չէ, որ Պեդրո Ագրամունտը հոկտեմբերյան նստաշրջանում անջատում էր հայաստանյան պատվիրակության պատգամավորների ելույթի ժամանակ խոսափողերը, քանի որ դրանք վերաբերում էին հենց Վեհաժողովի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ստացած 3 միլիոն ընտրակաշառքին, ում բավական կլորիկ կանխիկ գումար են փոխանցել նաև ադրբեջանական պատվիրակության պատգամավորները:

«Այս գործընթացն աղմուկ է բարձրացրել ոչ միայն Իտալիայում, այլև եվրոպական մի շարք երկրներում: Իմ տեղեկություններով՝ բազմաթիվ ԵԽ անդամ պետություններ հետաքրքրված են այս գործով, քննություն են անցկացնում, որովհետև Վոլոնտեն հնչեցրել է եվրոպական այլ երկրների պատվիրակություններից անդամների անուններ, որոնք անմասն չեն մնացել նաև ադրբեջանական կաշառքներից: Հիմնական գումարը Վոլոնտեն ստացել է հենց Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու համար, և այո, այս ամբողջ շղթայում ակտիվորեն ներգրավված է նախագահ Ագրամունտը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հայտնեց նաև, որ չի բացառվում, որ հունվարյան նստաշրջանում պատգամավորները քրեական գործը հիմք ունենալով բարձրացնեն Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Վերջինս շեշտեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կպաշտպանի ցանկացած նախաձեռնություն, որը ջրի երես կհանի ադրբեջանական լոբբիստներին, քանի որ ԵԽԽՎ-ն վերածվել է Միլլի մեջլիսի:

 

http://www.tert.am/arm/news/2016/12/19/EXXV/2228266