ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «1000 դրամ» նախագծին. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկմանը նկատեց, թե ազգային տուրքի գաղափարը կարևոր հասկացողություն է, սակայն հայ հասարակությունը չունի վստահություն առ իշխանություն:
«Մարդիկ չեն վստահում, որ այս իշխանության օրոք երկրում հնարավոր է որևէ դրական փոփոխություն լինի»,-ասաց նա:
Զոհրաբյանի կարծիքով՝ նախագծում պետք է ապրիլյան պատերազմում զոհված կամ վիրավորված զինվորների խնդիրներն էլ հաշվի առնել:
Պատգամավորն անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե «Մարտիկ» հիմնադրամի գումարներն ապահով պահված են բանկերում:
«Իսկ ինչո՞ւ են պահված բանկերում, երբ մենք գիտենք, թե որքան զինվոր ունի բուժման կարիք»,-հարցրեց նա:
Ապա նա դիմելով ԱԺ նախագահությանը՝ նա նշեց, թե հուսով է՝ նրանք տեղյակ են, որ ԱԺ աշխատակազմից գումար է գանձվում բանակին օգնելու համար: «Հիմա շատ աշխատակիցներ դիմել են ինձ, տրամաբանական հարց են ուղղում, թե հունվարի 1-ից շարունակվելո՞ւ է այդ 1 տոկոսի գանձը»,-հարցրեց Զոհրաբյանը:
Վերջում նա հայտնեց, որ ԲՀԿ կողմ է քվեարկելու այս նախագծին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Նաիրա Զոհրաբյանին. «Այդ գումարները կամավոր են, պարտադիր չեն: Այս ընթացքում ոչ միայն նման դրամահավաքներ են եղել, այս պահին մենք՝ ԱԺ պատգամավորներով, նույնիսկ մեզ միացել են լրագրողներ, կազմակերպություններ, դրամահավաք ենք կազմակերպում Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերակառուցապատման համար, արդեն 5 միլիոնից ավել գումար է հավաքվել»:
Նա նշեց, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև այլ գործընկերներ նման նախաձեռնություններով հանդես են եկել, սակայն իրենք էլ չեն բարձրաձայնել այդ մասին:
«Կամավորը թող կամավոր վճարի, պարտադիրը՝ պարտադիր»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
http://www.tert.am/am/news/2016/12/13/nairaZohrabyan/2222134