«Եթե պատվեր լինի, միանշանակ կլինի իշխանության կողմից». ԲՀԿ քարտուղարը՝ մարզային TV-ների փակման վտանգի մասին

11/23/2016

«ԲՀԿ-ն համակարծիք է այս հիմնահարցերի հետ: Տեխնիկական եւ որակական խնդիրների լուծման ճանապարհները պետք է գտնել, ոչ թե մատնանշել, որ խնդիրներ կան, ու գործունեություն կասեցվի»,-մարզային հեռուստաընկերությունների գործել-չգործելու հարցի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը, որը եւս այսօր մասնակցում էր «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով քննարկմանը: Խնդրեցինք մեկնաբանել մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների այն կարծիքը, թե ամեն մարզում միայն մեկ հեռուստաընկերությանը թվային հեռարձակման իրավունք տալը քաղաքական պատվեր է հիշեցնում: «Անձամբ նման տեղեկություններ չունեմ, բայց կարծում եմ՝ նման քաղաքական դրսեւորումներն արագ ի հայտ են գալիս, եւ դա ամենացանկալի դրսեւորումը կարող է լինել ընտրություններին ընդառաջ: Եթե պատվեր լինի, միանշանակ պետք է լինի իշխանության ներկայացուցիչների կողմից: Սա շատ վատ է անդրադառնալու ոչ միայն ՀՀ ներքին քաղաքական-հասարակական գործընթացների, այլեւ միջազգային հարթակներում մեր երկրին առնչվող գնահատականների վրա»,-ասաց Վահե Էնֆիաջյանը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

http://www.aravot.am/2016/11/23/829933/