Ազգային ժողովը որոշեց թափանցիկ գործել միայն պատգամավորի ահազանգից հետո

11/14/2016

Այսօր Ազգային ժողովում, զոհված զինծառայողների կամ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների համար աշխատավարձից 1000 դրամ տրամադրելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ապրիլյան դեպքերից հետո զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով ԱԺ աշխատակազմի կողմից ստեղծված հիմնադրամին:Նա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց` տեղյա՞կ է արդյոք այս նախաձեռնության մասին և գիտի, թե այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել: «Ապրիլյան դեպքերից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց ու առ այսօր ողջ աշխատակազմի և պատգամավորների գերակշիռ մեծամասնությունից նվազագույնը մեկ տոկոս աշխատավարձի գումար է գանձվում, դուք գիտե՞ք՝ այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել, ես չգիտեմ»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Վ. Սարգսյանն ասաց, որ մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր. «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրն ու առանձինը, կարծում եմ, որ մեր օրենսդրությամբ կարելի է պահանջել՝ ցանկացած հիմնադրամից հաշվետվություն իր կատարած աշխատանքի համար»։ Ուշագրավն այն է, որ Նաիրա Զոհրաբյանի այս հարցադրումից հետո միայն Ազգային ժողովից արձագանք եղավ: Մասնավորապես, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, համատեղությամբ նաև հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը պատասխանելով Ն. Զոհրաբյանին, նշել է. «Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և վիրավորված զինծառայողներին աջակցության հիմնադրամը, որի ստեղծումը նախաձեռնել է Հայաստանի Ազգային ժողովը, առաջիկա օրերին կներկայացնի հաշվետվություն հավաքված գումարների մասին»: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Նաիրա Զոհրաբյանի հետ` հասկանալու հնչեցված պատասխանը նրան գոհացնում է, թե ոչ: «Ինձ կգոհացնի միայն բաց, թափանցիկ հաշվետվությունը: Ինքը ասել է, որ առաջիկայում կներկայացնեն հաշվետվություն: Կներկայացնեն, նոր կհետևենք կծանոթանանք և մեր հետևությունները կանենք: Այսքան բան: Շատ լավ է, որ առաջիկայում կներկայացվի հաշվետվություն, երբ որ ներկայացվի այդ ժամանակ էլ կխոսենք: Քանի դեռ  հաշվետվություն ներկայացված չէ ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Զոհրաբյանը: 

 http://armlur.am/612497/