Նաիրա Զոհրաբյանի կոչը` Մամիկոն Ասլանյանի օգտին թաքուն քվեարկողներին
«Իրավիճակն, իսկապես, անընդունելի է: Ավագանին պետք է աշխատի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով Վանաձորում ստեղծված վիճակին: Հիշեցնենք, ՏԻՄ ընտրություններից հետո, բոլորի համար զարմանալիորեն քաղաքապետի պաշտոնում ընտրվելու անհրաժեշտ ձայները ստացավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Մինչդեռ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել այն մասին, որ սատարելու են ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Արդյունքում, քաղաքական այդ ուժերը բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը, ինչի արդյունքում հնարավոր չի լինում քաղաքի բյուջեն հաստատել եւ աշխատել: Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում այդ չորս անձանց, ովքեր թաքուն է քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին, ինքնաբացահայտվել. «Եթե վախկոտ չեք, եթե դուխ ունեք, եթե տղամարդկություն եք ունեցել ու թաքուն քվեարկել եք փակ-գաղտնի քվեարկության ժամանակ, անկախ նրանից, թե որ կուսակցությունից եք, հայտարարեք` մենք ենք արել, լավ ենք արել: Տղամարդկություն ունեցեք` հայտարարեք` հանուն ձեր քաղաքի: Դրանից հետո միայն ավագանին կաշխատի»: Նաիրա Զոհրաբյանը որեւէ խնդիր չի տեսնում, եթե նրանք անգամ ԲՀԿ-ից լինեն: Բայց գտնում է, որ, անպայման, պետք է նման հայտարարությամբ հանդես գան, որ քաղաքի ավագանին աշխատելու հնարավորություն ստանա. «Վանաձորցին մեղավոր չի, որ չորս տղամարդ այդքան տղամարդկություն են ունեցել»: