«Ես չգիտեմ ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը». ՊՆ նախարար

11/14/2016

ԱԺ-ում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես տեղեկացրել ենք, ներկայացրեց <ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց նախարարին՝ Դուք տեղյա՞կ եք ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի միջոցների հետ, որը ղեկավարում էր ՀՅԴ-ական, ԼՂՀ փոխվարչապետը. «Բացի Բախշյան-Աղաբեկյան տիրույթում անվանարկումներից, մենք պարզաբանումներ չստացանք, իսկ այնտեղ բավականին լուրջ գումարներ էին հավաքվել՝ նույն բարի նպատակների համար»: Պատգամավորին նաեւ հետաքրքրում էր, թե ապրիլյան դեպքերից հետո պատգամավորների աշխատավարձից նվազագույնը 1 տոկոս գանձվող գումարները ինչ նպատակների համար է ծախսվել: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ հիմնադրամի վերահսկողության մեխանիզմները օրենքով են ամրագրում. «Մենք ունեցել ենք հաջող եւ անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր, ես չեմ կարող մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրն ու առանձինը: Ցանկացած հիմնադրամից, մեր օրենսդրությամբ կարելի է պահանջել հաշվետվություն՝ իր կատարած աշխատանքների»: Նախարարն ասաց, որ չգիտի, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը, խոստացավ հետաքրքրվել եւ պարզել: ԱԺ պատգամավորների հավաքած գումարի հետ կապված նախարարն ասաց, որ բացարձակ տեղյակ չի, թե ինչպես է ծախսվել: Նա հորդորեց հարցում անել հավաքողից. «Վստահ եմ, որ ծառայել է իր նպատակին»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց՝ իսկապե՞ս 50 մլն դրամ դուք նախատեսել եք հունվարի 28-ի համերգի համար: Նախարարը հերքեց տեղեկությունը: Նա ասաց, որ խոսքը 9 ամիս առաջ արդեն կազմակերպված համերգի մասին է. «Անելո՞ւ ենք բանակի 25-ամյակի օրը համերգ՝ իհարկե, անելու ենք, ձեզ էլ հրավիրելու ենք, միասին նշելու ենք»: Նա հիշեցրեց, որ բանակի 15-ամյակի համար գրված երգերը ժողովրդի կողմից ամենասիրված, ամենահաճախ կատարվող երգերից են, եւ դա քարոզչական աշխատանքի անբաժանելի մասն է. «Դեռ չենք հայտարարել մրցույթ, ոչ էլ հաղթող ենք ճանաչել»: 

 http://www.aravot.am/2016/11/14/826617/