«Մենք իրավաբանների հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը, հայցն արդեն իսկ պատրաստ է, և հայցադիմումն ամբողջական տեսքի է վերախմբագրված։ Առաջիկայում մենք պատգամավորների կողմից ակնկալվող քանակի ստորագրահավաք ենք սկսելու, որպեսզի ներկայացնենք Սահմանադրական դատարան»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ իրենք բոլոր հնարավոր հարթակներում վիճարկելու են ստեղծված իրավիճակը, որպեսզի իրավական հարթությունում իրենց և գյումրեցիների համար ցանկալի վճիռ և որոշում ունենան։
Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն։
«Մեր կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, իմ և «Հայկական Վերածնունդ» կուսակցության մեր գործընկերների ստորագրությունների հետ կապված որևէ խնդիր չկա, բայց մենք պետք է այդ աշխատանքն ավելի ընդլայնված իրականացնենք, որպեսզի այդ քանակը կարողանանք ապահովել»,- ասաց նա։
Բացի ԲՀԿ-ից և ՀՎԿ-ից՝ կա՞ն նաև խորհրդարանում ներկայացված այլ խմբակցությունների պատգամավորներ, ովքեր ևս այդ ստորագրահավաքին միանալու ցանկություն են հայտնել, և ո՞վքեր են նրանք՝ հարցին ի պատասխան Վահե Էնֆիաջյանը նշեց. «Երկուշաբթի օրվանից սկսած՝ մենք սկսելու ենք իրականացնել պատգամավորների հետ այդ ստորագրությունների հավաքման աշխատանքը։ Առաջիկա օրերին մամուլին կհայտնենք նաև, թե որ պատգամավորներն են համաձայնել միանալ այդ գործընթացին և մեզ հնարավորություն ընձեռել, որպեսզի ՍԴ-ում կարողանանք մեր հայցը վիճարկել»։
«Մենք գտնում ենք, որ ըստ էության ոտնահարվել են երկու քաղաքական ուժերի և ընտրողների շահերը, և մի շարք հակաօրինական գործողությունների ականատեսն ենք եղել։ Այս փաստաթղթում այդ ամենն արձանագրված է։ Կվիճարկենք և կտեսնենք, թե ինչպիսի արդյունք կստանանք։ Գյումրու 34-րդ ընտրատարածքային հանձնաժողովի ապօրինի գործողությունների պատճառով հիմա կշռաքարին դրված է ավագանու մեր մեկական թեկնածուների հարցը։
Բազմաթիվ անգամներ այս մասին խոսել ենք, և մեր պահանջները ներկայացնելիս բովանդակային առումով որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իրավական հարթությունում է, որ դատարանների փոփոխություն է տեղի ունեցել։
Մենք լիահույս ենք, որ Սահմանադրական դատարանը մեր հայցը չի մերժի»,- ընդգծեց ԲՀԿ ներկայացուցիչը՝ պատասխանելով նաև հարցին, թե ի՞նչ հույսեր են կապում Սահմանադրական դատարանի հետ՝ իրենց հայցը բավարարելու հետ կապված։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում վերոնշյալ երկու կուսակցություններից մեկական մանդատ տրվել էր «Բալասանյան դաշինք»-ին, որը մեծամասնություն կազմեց ավագանիում, իսկ դաշինքը գլխավորող Սամվել Բալասանյանը վերընտրվեց որպես Գյումրիի քաղաքապետ։
Իսկ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները հոկտեմբերի 11-ին հայց էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը և իրենց վերադարձնել այդ երկու մանդատները, սակայն հոկտեմբերի 18-ին Վարչական դատարանը որոշում կայացրեց մերժել այդ հայցը։