Նախ ուղարկում են սոնո, հետո ռենտգեն, վերջում էլ՝ լողի. Նաիրա Զոհրաբյանը՝ Ալթունյանին

11/04/2016

 

Պետպատվերի համակարգը ձախողված է, բացարձակապես չի գործում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին:

«Ապրիլից մենք արդեն ստանում ենք հազարավոր նամակներ, որ իրենք պետպատվերը ստացել են, գնում են հիվանդանոց, ասում են՝ պետպատվերը պրծել ա: Գիտեք՝ մահն արտահերթ է գալիս, չի կարող սպասել, մինչեւ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի: Հեղափոխական լուծում է պահանջում այս հարցը: Ձեր ոլորտում խայտառակ վիճակ է, երբ հիվանդին «պաս» են տալիս տարբեր բաժիններով, փող են աշխատում: Մարդը գլխացավով գնում է հիվանդանոց, նախ ուղարկում են սոնո, հետո ռենտգեն, հետո լողի, վերջում էլ ասում են՝ կգնաս այս դեղատնից կառնես, որովհետեւ տվյալ բժիշկը տվյալ դեղատնի հետ ատկատով աշխատում ա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Առողջապահության նախարարն ընդունեց, որ այդ խնդիրները կան, որոնց դեմ պայքարում են:

«Մենք այժմ որդեգրում ենք մի մոտեցում, որտեղ թափանցիկությունը պետք է զուգակցի արդյունավետությանը: Իմ խորը համոզմամբ՝ նվազեցված բյուջեն բավարար է, որ առնվազն երկու անգամ բարելավենք բուժծառայությունների որակն ու արդյունավետությունը: Նույն տատիկը, որի մասին Դուք ասում եք, գնում է պոլիկլինիկա եւ ասում է՝ ինձ ռենտգեն գցի, բալիկ ջան: Մենք պետք է սովորենք ասել՝ չէ: Եթե ախտանիշների դեպքում պրոտոկոլներով ռենտգեն չի հասնում, պետք է տատիկին մերժել: Չունի պետությունն այդ փողը, որ ուղղակի ցանկություններ կատարի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ արձանագրությունները հրապարակվելու են եւ քաղաքացիներն իմանալու են, թե իրենց հիվանդությունների դեպքում ինչ է հասնում:

Ալթունյանի պատասխանը Նաիրա Զոհրաբյանին չգոհացրեց. նա արձագանքեց՝ ոչ մի հարցի պատասխան ինքն այդպես էլ չստացավ:

 

https://news.am/arm/news/355352.html