ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԵԾԱՆՎՈՐԴԻՆ

08/27/2011

Մոսկվայի «Կռիլատսկի» հեծանվահրապարակում տեղի ունեցած հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաջող է հանդես եկել հայաստանցի Մհեր Մկրտչյանը: 18-ամյա հեծանվորդը հայրենիք է վերադարձել երկու արծաթե մեդալով: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մեր հեծանվորդները նման արդյունքի դեռևս չէին հասել: Մեդալակիր հեծանվորդին ընդունել և շնորհավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մաղթելով մարզիկին նվաճել օլիմպիական ոսկին:

«Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու, քանի որ դա մեր գործն է. ուշադրություն դարձնել, հնարավորություն տալ, որ մարդիկ ավելի վստահ, գնահատված և պարտավորված զգան»,- նշեց ՀԱՕԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել Մհեր Մկրտչյանին և նրա մարզիչ Արմեն Գյոզալյանին: