Ում էր ակնարկում Ծառուկյանը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ զրուցել ենք կուսակցության նախկին առաջնորդի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձից
Պարոն Խաչատրյան, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե որ դեպքում կվերադառնա քաղաքականություն։ Արդյոք ԲՀԿ-ում եղե՞լ նրա հետ քննարկում այս թեմայով։
Ինձ հետ չի քննարկել, իսկ կվերադառնա, թե ոչ, անկեղծ ասած չեմ կարող պատասխանել, բայց որ կա հասարակական պահանջ, դա ակնհայտ է։
Նշանակում է, որ կվերադառնա՞, քանի որ նա ասում է՝ եթե հասարակությունը պահանջի, կվերադառնամ։
Չեմ կարող ասել՝ կվերադառնա, թե ոչ, նորից եմ ասում՝ կա հասարակական պահանջ։ Դրա ականատեսը եղել ենք ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր հանդիպումների ընթացքում։ Առավել ևս դա ցույց տվեց կուսակցության կառույցների պահանջը նրա վերադառնալու հետ կապված։ Ի՞նչ կլինի, չեմ կարող ասել։
Իշխանության ներկայացուցիչներն այնքան էլ ոգևորված չեն Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունից։ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, ասել է, թե բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը։
Գեներալը միշտ հումորներ սիրում է։ Ազգի համար կռված գեներալ է, մեկ-մեկ հումոր կանի։
Իրական վտանգ կզգա՞ իշխանությունը, եթե Ծառուկյանը վերադառնա։
Չեմ կարծում, որ Ծառուկյանի վերադարձը իրենից վտանգ է ներկայացնում, դա ապացուցեց մոտ երկու տարի առաջ իր քայլը։ Փաստորեն հեղափոխական իրավիճակում նա սառնասրտորեն հետքայլ կատարեց։
Սառնասրտորեն կատարեց հետքա՞յլ, թե ստիպեցին:
Ես գիտեմ նրա հայտարարությունը, որ սառնասրտորեն հետքայլ կատարեց՝ ջակակցելով իշխանափոխության պահանջին:
Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատեց և ողջունեց նոր կառավարությանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանը վերադարձից հետո այլևս որևէ վտանգ չներկայացնի իշխանության համար և խաղա նոր կանոններով:
Գագիկ Ծառուկյանի կողմից երկրին երբեք վտանգ լինել չի կարող: Իսկ եթե կան մարդիկ, պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն կամ իրենց պարտականությունները վատ են կատարում, և լինի պահանջ՝ իրենց տեղը զիջել առավել արդյունավետ աշխատողների, կարծում եմ՝ դրա մեջ վտանգ հասկացողություն չի կարելի փնտրել:
Իսկ նրա վերադարձով ԲՀԿ-ն նոր թափ կստանա՞:
Իհարկե, հիմնադիր նախագահի վերադարձը շատ մեծ թափ կհաղորդի ԲՀԿ-ին, դա միանշանակ է:
Կարծում եք՝ ԲՀԿ-ից հեռացածները կվերադառնան կուսակցությո՞ւն:
Չեմ կարծում, դա մի փոքր այլ հարց է, որի պատասխանը ես չունեմ: Դրա պատասխանը կունենան մեր սկզբնական կառույցները, կունենա մեր հիմնադիր նախագահը, եթե վերադառնա: Եթե մեր կարծիքը հարցնեն, մենք էլ մեր կարծիքը կասենք:
Արդարացվա՞ծ է այդքան վիրավորանքներից հետո Ծառուկյանի վերադարձը: Հիշում եք, թե ՀՀԿ-ականները ինչքան վիրավորանքներ հնչեցրեցին նրա հասցեին:
Որոշումն իրենն է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ինքը երկրի համար է մտածում, ոչ թե հանրապետականների: Չեմ կարծում, որ հանրապետականներն այդքան մաքուր են: Եթե լավ աշխատած լինեին ու մաքուր լինեին, երկիրն այս վիճակում չէր լինի: Հետևաբար նման մարդկանցից շատերի կարծիքը զրո արժեք ունի ժողովրդի համար:
Ծառուկյանը հեգնանքով խոսեց նաև «կարկառուն» իշխանավորների մասին: Ձեր կարծիքով, ո՞ւմ էր ուղղված նրա խոսքը:
Երկրի տնտեսությունն այս վիճակին ինքն իրեն չի հասել: Սա վատ կառավարիչների գործունեության արդյունք է: Նման մարդիկ իրենք պետք է հեռանան, իսկ նրանց ժամանակին տված գնահատականն անհիմն էր և ոչ մեկի կողմից լուրջ չի ընկալվել: Միգուցե ընկալվել է ուժի տեսանկյունից, սակայն դա որևէ արժեք չունի իշխանության համար: