"Եթե հարևանս 10 տարի ՀՀ-ում չէ,բայց ընտրության օրն, իրոք, եկել է ու պատահաբար չեմ տեսել նրան, պիտի քրեական պատասխանատվության ենթարկվե՞մ բարեխիղճ մոլորությանս համար՛՛. Նաիրա Զոհրաբյան

10/18/2016

«Ուզում ես տեսախցիկը պահիր ընտրախցիկի մեջ, ոչինչ չի փոխվելու, եթե ի սկզբանե իշխանությունն առաջնորդվելու է` ամեն ինչ մեզ տարբերակով, ինչը տեսանք Գյումրիում ու Վանաձորում: Վանաձորում հաղթեց ընդդիմությունը, բայց քանի որ իշխանությունը պատրաստ չէր ու հիմա էլ չէ` զիջելու, եկեք ուրիշ բաներ չխոսենք: Այն, ինչ տեսանք Վանաձորում, գործի է դրվելու նաև 2017-ի Աժ ընտրությունների ժամանակ»,- Աժ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     ԲՀԿ-ն գտնում է, որ ցուցակների հրապարակումն ու տեսանկարահանումը լրացուցիչ գործիք են վերահսկելու ընտրությունների ընթացքը: Պատգամավորը, սակայն, մտահոգություն հայտնեց նախագծում տեղ գտած մի դրույթի վերաբերյալ, որի համաձայն՝ ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: «Սա արված է հակակշռելու համար ընտրացուցակի հրապարակման հնարավոր ռիսկերն իշխանության համար: Շատ դժվար է էսօրվա իրականության մեջ գտնել մեկին, ով, իմանալով, որ 2-5 տարի քրեական պատասխանատվություն կա, կգնա դրան: Այո, վատ է սուտ հայտարարությունը, եթե արված է միտումնավոր, բայց դուք էլ իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր են բարեխիղճ մոլորության դեպքեր»,- դիմելով հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանին` ասաց Ն. Զոհրաբյանը: «Ես գիտեմ, որ իմ հարևանը 10 տարի ՀՀ-ում չէ, ու իսկապես հնարավոր է ընտրության օրը նա եկել է, ես պատահաբար չեմ տեսել իրեն: Ի՞նչ է նշանակում, որ դրա համար պիտի քրեական պատասխանատվության ենթարկվե՞մ, եթե չկա միտումնավորության տարր: Եկեք դրույթը քննարկենք»,- առաջարկեց նա:
     Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Իմ գործընկերներից մեկը հարևանի օրինակի մասին խոսեց, ասաց` կարող է 10 տարի չի տեսել ու մտածել է` հավանաբար չէր կարող քվեարկել այդ օրը ու դիմում է ներկայացնում, բա էդ մարդուն պատժե՞նք, իհարկե պատժենք... »:

 

http://mamul.am/am/news/93201/%C2%AB%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B0%D5%A1%D6%8...