«Գագիկ Ծառուկյանը, եթե վերադառնա քաղաքականություն, կլինի թե՛ ԲՀԿ, թե՛ ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ». Վահե Էնֆիաջյան

10/13/2016

Այսօր մամուլում հրապարակումներ են տարածվել այն մասին, որ նոյեմբերին տեղի է ունենալու ԲՀԿ արտահերթ համագումար, որի ժամանակ ԲՀԿ-ն կանոնադրությամբ նոր պաշտոն է ստեղծելու` ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ, և հենց այդ համագումարում էլ ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ է դառնալու Գագիկ Ծառուկյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը մնալու է ԲՀԿ նախագահի պաշտոնում: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց` օրակարգային նման հարց կա՞, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Նման տեղեկություն հրապարակելուց առաջ բարդ չէր լինի բացել ԲՀԿ կանոնադրությունը և տեսնել, որ ստեղծման օրվանից` 2006-ից, մեր կանոնադրությամբ արդեն ամրագրված են եղել ԲՀԿ նախագահի և քաղաքական խորհրդի նախագահների պաշտոնները: Նախկինում ԲՀԿ նախագահն ու քաղխորհրդի նախագահը Գագիկ Ծառուկյանն էր, այժմ Նաիրա Զոհրաբյանը»: Դառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին հրապարակումներին` Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց. «Երբ պարոն Ծառուկյանը որոշում կայացնի վերադառնալ քաղաքականություն, նա կրկին կլինի թե՛ ԲՀԿ նախագահ, թե՛ քաղական խորհրդի նախագահը, դա նաև Նաիրա Զոհրաբյանի ցանկությունն է»: 

 

http://www.aravot.am/2016/10/13/815590/