Պտիչկան` անկյունից դուրս եկած, կոր. Վահե Էնֆիաջյանը հրապարակում է ԲՀԿ-ի ապացույցները
ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստանին» ներկայացրել է փաստերը, որոնք ապացուցում են, որ Վանաձորում ավագանու ԲՀԿ–ական երեք անդամները քվեարկել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։
«Մենք կարողացանք առանձնացնել մեր քվեները, պահպանել էին պայմանավորվածությունը, դա վերահաստատել է նաեւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը»,- այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Պայմանավորվել էին` ինչպես ծալել քվեաթերթիկները եւ պտիչկան այնպես դնել, որ անկյունից դուրս գար ու կոր լիներ: Եթե մյուս ուժերն էլ են ասում, որ կա սկզբունք, ապա ինչն է պատճառը, որ չեն հրապարակում երկու քաղաքական ուժերը, թե որն է եղել իրենց սկզբունքը»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանի խոսքով ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի ընտրությունը անցկացվեց խախտումներով:
«Օրենքի տառին ոչ ներդաշնակ մոտեցումներ կային, քվեախցիկը բոլոր աչքի առաջ էր, մեկ գրիչ պետք է լիներ, հեռախոս կամ այլ իրեր չպետք է լինեին ավագանու որեւէ ներկայացուցչի մոտ»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանի խոսքով` այս ընտրությունները բացառիկ էին, քանի որ բազմաթիվ նոր կուսակցություններ էին ձեւավորվել եւ ցույց տվեցին, թե որ քաղաքական ուժերը որքանով են մրցունակ: Նա չբացառեց իմփիչմենթ նախաձեռնելու տարբերակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ քվե:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ստացել են 15 ձայն, իսկ ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» (10), «Հայկական Վերածնունդը» (5), «Բարգավաճ Հայաստանը» ( 3) միասին ստացել են 18 ձայն:
Վերջիններս հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն փաստացի նրանցից 4-ը քվեարկել են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: