Կառավարությունը փոխվի-չփոխվի, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել. Մելքումյան

10/07/2016

Շատ բնական է, որ ընտրություններից առաջ Կառավարության կազմի փոփոխություն է տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, սակայն, կառավարության փոփոխությունը մեծ ակնկալիքների առիթ չէ, որովհետև քաղաքական մեծամասնությունը չի փոխվել. «Կառավարությունը փոխվի-չփոխվի, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, ուստի մեծ փոփոխություններ չեն լինի»:

Պատգմավորը նշեց, որ ընթացիկ տարում պետական բյուջեն 90 միլիարդի պակասորդ ունի, ինչը շատ լուրջ թիվ է, հետեւաբար նախատեսված մուտքերը քիչ են լինելու, իրական տնտեսական սպասումները քիչ են գրանցելու։

«Աճը կա, կայունությունը կա, բայց վիճակը չի փոխվում։ Փողը մտել է տնտեսություն, բայց էֆեկտ չի տալիս, որովհետեւ խաթարված է բնականոն գործընթացը: Այս փոփոխությունները ոչ թե տնտեսական զարգացմանն են միտված, այլ՝ քաղաքական պատճառներ ունեն։ Կարծում եմ, որ նոր կառավարությունը կուզենա մի քանի քայլ անել՝ արդարության հաստատման և այլնի ուղղությամբ, բայց ոչ ավելին։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ կարող է անել այս կառավարությունը, ես չեմ կարողանում պատասխանել, որովհետև ես չգիտեմ, թե Կարեն Կարապետյանը Նախագահի հետ ինչ է պայմանավորվել, ինչ է նրան թույլատրված»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

http://news.am/arm/news/350490.html