Արատավոր ընտրական համակարգը գնալով հասցվում է ոսկերչական աստիճանի. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և կազմի ընտրության հարցի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ԿԸՀ-ին և նախագահին մեծ նշանակություն պետք չի տալ և խորհուրդ տվեց չգերագնահատել նրանց գործառույթը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ով էլ լինի ԿԸԿ նախագահ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ընտրական գործընթացների մասով խաղի կանոնները չեն փոխվել:
«Եթե երկրում շարունակվում է գործել արատավոր ընտրական համակարգ և այդ համակարգի արատավորությունը գնալով հասցվում է ոսկերչական աստիճանի, ըստ էության, ում էլ դնենք, այնտեղ անձեր, մեծ առումով որևէ բան չի փոխվելու: Այո՛, վերջին երկու ընտրությունները՝ Գյումրիում և Վանաձորում հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական արատավոր համակարգը մեզանում որևէ շեղում՝ դեպի բնականոն ընթացք, ցույց չի տալիս։ Միգուցե ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի հանդարտվել են, իսկ սա խոսում է այն մասին, որ ընտրակեղծարարությունը կատարելագործվում է»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև այլ քաղաքական ուժերի մասին, որոնք ընտրությունների կեղծման համար հասարակությանը մեղադրեցին:
«Որոշ քաղաքական ուժեր ասում էին, որ ժողովո՛ւրդ, դու արժանի չես իրենց նման հզոր, անբասիր քաղաքական, գաղափարական ուժերի, ժողովո՛ւրդ, դու ծախված ես, քեզ գնել են: Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք: Այն քաղաքական ուժերը, ովքեր կարծում էին, որ բղավելով, հայհոյելով, անիծելով, ձեռի հետ մյուս ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով, կարողանալու են իրենց տեղը քաղաքական արևի տակ ապահովել, կարծում եմ՝ համոզվեցին, որ կուսակցաշինությունը կոնկրետ աշխատանք է»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հասկանում է՝ ձախողումն ու պարտությունը ծանր է, բայց պետք է դրա պատճառները իրենց մեջ փնտրեն:
http://www.tert.am/am/news/2016/10/05/nairazohrabyan/2153734