Կան բոլոր հնարավորությունները, որ ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի. Նաիրա Զոհրաբյան
Կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չգիտեմ ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ականները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Քանի որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չկա, առաջարկել եմ իրենց դիմել Նոբելյան կոմիտե եւ եթե կարողանան ապացուցել, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ Նոբելյան մրցանակ կստանան ՀՀԿ ներկայացուցիչները: Բոլոր հաշվարկներով, անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են «Բալասանյան» դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել եւ համաձայնության է եկել, որ Գյումրիում ՀՎԿ-ն պատրաստ է սատարել ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանին. «ԳԱԼԱ»-ի հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են, որովհետեւ մենք երեքով միասին ունենք 18 քվե եւ կարող ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Հայկական վերածնունդի» հետ բանակցություններն ավարտվել են եւ արդեն համաձայնվել են իրենք սատարելու են Վարդեւան Գրիգորյանին»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել էր, որ Գյումրիի քաղաքային ընտրություններում «Բալասանյան» դաշինքն ստացել է ավագանու 33 տեղերից 17-ը, ԲՀԿ-ն՝ 8, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը 4 մանդատ:
Սա հաստատել է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա բացատրել է, որ նախ համամասնության սկզբունքով մանդատները բաշխվում են այն կուսակցությունների միջեւ, որոնք հաղթահարել են շեմը: Եթե այդ բաշխումից, ինչպես նաեւ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի մանդատների հավելումից հետո որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը, բայց ոչ բացարձակ մեծամասնություն, ապա նրան լրացուցիչ մանդատներ են տրամադրվում՝ մինչեւ բացարձակ մեծամասնության ապահովում: Մնացյալ մանդատներն արդեն համամասնության սկզբունքով բաժանվում են մյուս կուսակցությունների միջեւ: