ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որեւէ կոալիցիա. Միքայել Մելքումյան
Գյումրիի ընտրությունների արդյունքներից ԲՀԿ-ն գոհ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ Վանաձորի արդյունքներից դժգոհ են:
«Ճիշտ է մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք նվազագույն շեմը, էնտեղ ավագանի կունենանք, բայց, դա մեր թեկնածուի եւ տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,-ասաց Մելքումյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն Գյումրիում դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ, Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե բացառված է: «Մենք արդեն բողոքարկել ենք մի շարք տեղամասերի արդյունքներ. քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիա ենք անում ընտրությունների արդյունքների վերաբերյալ… ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որեւէ կոալիցիա»,-ասաց նա:
Մելքումյանի խոսքով, ինքը նախօրեին եղել է Գյումրիում եւ կարող է ասել, որ տարբեր խախտումների մասին ահազանգեր են ստացել: Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի պարտությանը, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե պետք է առանձնացնել, թե ովքեր են ընդդիմադիրներ: