ԲՀԿ-ն Գյումրիում վաղվանից կվերսկսի քարոզարշավը
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Մարզպետունի Մարգարյանը։ «Վաղվանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույն ռեժիմով սկսում է քարոզարշավը, Վարդևան Գրիգորյանը, ինչպես որ եղել է, մնում է ցուցակի առաջին համարում։ Իհարկե, պարոն Գրիգորյանը անձամբ չի մասնակցելու հանդիպումներին, դա կանեն կուսակցության անդամներն ու անձամբ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը», -փոխանցեց Մարզպետունի Մարգարյանը։ Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր 10 կուսակցություններն ու «Բալասանյան» դաշինքը ամսի 20-ից մեկ մարդու պես դադարեցրել էին քարոզարշավը ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի 25-ամյա որդու՝ Արշակի առեղծվածային մահվան պատճառով։ ԳԱԼԱ կուսակցությունն ու ՀԱԿ-ը ևս այսօրվանից վերսկսել են քարոզարշավը։ ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը մեզ փոխանցեց, որ քարոզարշավը վերսկսել են՝ ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից ու Գյումրու ԲՀԿ կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Մարզպետունի Մարգարյանից նախապես ճշտելով, թե ե՞րբ է ԲՀԿ-ն վերսկսում, որպեսզի միասին վերսկսեն, լինեն հավասար մրցակցային դաշտում։ ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, լրագրող Արման Գալոյանն էլ տեղեկացրեց, որ երեկ արդեն եթեր են հեռարձակել տեսանյութերը, իսկ այսօրվանից վերսկսել են հանդիպումները։
http://www.aravot.am/2016/09/24/808820/