Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից. ԲՀԿ
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ ԲՀԿ-ի հետագա գործունեությանը, Գագիկ Ծառուկյանի վերադարձին:
Հարցին, թե ինչպե՞ս է գործելու ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, որովհետև խոսակցություններ կային, որ Հովիկ Աբրահամյանն էր ֆինանսավորում ԲՀԿ-ի գործունեությունը, նա պատասխանց. «ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, դա չի նշանակում, որ այն ռեսուրսները, որոնք դրվել են այս քաղաքական ուժի կայացման մեջ, որևէ մեկը ԲՀԿ-ից կարող է խլել: Ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ի հետ բան պատահի, եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: ԲՀԿ տարածքային կառույցները գործում են. դուք տեսնեիք, թե մեզ Աշտարակում ոնց դիմավորեց ժողովուրդը: Երբեմն երբ գնում ենք մարզեր, մարզերի մեծ մասում չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից»:
Հարցին, թե ունե՞ն տեղեկություններ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն, Միքայել Մելքումյանը նախ խուսափեց պատասխանել` ասելով, որ այդ հարցը պետք է ուղղել հենց Գագիկ Ծառուկյանին, հետո ակնարկեց, որ այս կյանքում ամեն ինչն էլ ժամանակավոր է, և Գագիկ Ծառուկյանն էլ ժամանակավոր է հեռացել:
Հարցին, թե ԲՀԿ հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանը չէ՞, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ես նման տեղեկություն չունեմ և դա կարող եմ հերքել»: