Լավ կաշխատի Կարեն Կարապետյանը, կունենա ԲՀԿ-ի աջակցությունը, վատ կաշխատի՝ չի ունենա. Նաիրա Զոհրաբյան

09/09/2016

Վարչապետի եւ Հանրապետության նախագահի խոսքում ամեն ինչ ասված է եւ ավելացնելու որեւէ բան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ ինչպես է ԲՀԿ-ն վերաբերում վարչապետի նոր թեկնածուին:

«Վարկածներ, ենթադրություններ, տեսիլքներ, երազներ չեմ մեկնաբանում: Ենթադրություններ անել չեմ ուզում, քաղաքականությունը կոնկրետ գիտություն է: Լավ կաշխատի Կարեն Կարապետյանը, կունենա ԲՀԿ-ի աջակցությունը, վատ կաշխատի, ԲՀԿ-ն կլինի այդ կառավարության ամենախիստ քննադատներից մեկը: Հիմա խոսել մի կառավարության մասին, որի աշխատանքը մենք չենք տեսել, առնվազն անլուրջ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հերքեց նաեւ մամուլի այն հրապարակումները, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ում խառնաշփոթ է, նախօրեին նույնիսկ խմբակցության նիստ են հրավիրել, ինչպես նաեւ տարածքային կառույցները խնդրել են ԲՀԿ նախկին նախագահի վերադառնալ ակտիվ քաղաքականություն:

«Մամուլը գրել է, որ ԲՀԿ-ում նախօրեին խմբակցության նիստ է եղել, նման բան չի եղել, պարզապես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում հանդիպում էր բոլոր խմբակցությունների հետ, այդ թվում նաեւ մեր խմբակցության հետ: Հանդիպումը տեւել է առավելագույնը 30 րոպե, որեւէ այլ քննարկում ԲՀԿ-ում չի եղել: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ բոլոր ներկայացուցիչները, տարածքային կազմակերպությունները միշտ եւ մշտապես ասել են՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը հանրային եւ հասարակական պահանջ է»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ին: Իշխանությունները որոշել են՝ նոր վարչապետ կնշանակվի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

 

http://news.am/arm/news/345482.html