Չեմ թաքցնում՝ յուրաքանչյուր մարզում, բնակավայրում Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը բարձրացնում են. Ն. Զոհրաբյան

09/12/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնչող պահանջներին՝ նկատեց, թե չի թաքցնում, որ յուրաքանչյուր մարզում, բնակավայրում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը բարձրացնում են: 

Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով այն հարցին, որ եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքական դաշտ, արդյոք նրան ԲՀԿ-ում են տեսնում, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի իր քաղաքականություն վերադառնալը, իսկ ես և մեր բոլոր թիմակիցները նրան տեսնում ենք ԲՀԿ-ում»: 

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե կուսակցության նախկին նախագահը ստվերային կերպով է ղեկավարում կուսակցությունը՝ ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի թիկունքում թաքնվի և ինչ-որ թաքուն գործողություններ անի: Կարծում եմ այս տարիների ընթացքում դուք պարոն Ծառուկյանին շատ լավ ճանաչել եք և գիտեք, որ նա ինչ անում է, անում է բաց, հրապարակային, ազնիվ: Բոլորիս համար էլ պարզ է, և թող ոչ մեկը երեսպաշտություն չանի և չասի, թե չհասկացանք ինչու պարոն Ծառուկյանը որոշում կայացրեց հեռանալու: Շատ լավ էլ հասկացաք, որովհետև երկիրը կանգնելու էր ուղղակի քաղաքացիական պատերազմի շեմին, իսկ Գագիկ Ծառուկյանն այն գործիչը չէր, որ փորձեր իր քաղաքական ու կուսակցական խնդիրները լուծել երկիրը տանելով արյունահեղության»: 

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի վերադառնա քաղաքականություն, նա չի վերադառնալու ստվերային:

 

http://www.tert.am/am/news/2016/09/12/vohrabyan/2130772