«... Եթե իրեն առաջադրում են ապագայի վարչապետ, ո՞նց կարանք վարչապետի կարծիքի հետ հաշվի չնստենք». Միքայել Մելքումյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանին
Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ի թիվս այլ կուսակցությունների` հիշատակեց նաեւ ԲՀԿ-ին` ասելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարանն է: «Մեր դիրքորոշումը այդ սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան: Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին»,- որոշ քաղաքական ուժերի մասին այսպես էր արտահայտվել Փաշինյանը: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեր լրագրողի հետ զրույցում, արձագանքելով Փաշինյանին, ասել է. «Համարում եմ, որ դա իշխանական թեքումով հեռակա դպրոցն ավարտած շրջանավարտի մոտեցում է եւ մի անգամ ասել եմ, որ ինքը ստոր մոտեցում ունի քաղաքականության մեջ»: Մելքումյանը նաև հեգնել է. «Թեպետ, եթե իրեն առաջադրում են ապագայի վարչապետ, ո՞նց կարանք վարչապետի կարծիքի հետ հաշվի չնստենք»: Մելքումյանը նկատել է, որ Փաշինյանի հավակնությունները գոնե պետք է համարժեք լինեն իր ռեսուրսներին. «Վարչապետը գոնե 1500 մարդուց ավել մարդ պետք է հավաքեր Օպերայում»: Մելքումյանն ասել է, որ ընդդիմադիրը չի կարող դառնալ «տելեկանալների աստղ». «Դա շատ բաների մասին է չէ՞ Խոսում»: Լրագրողի դիտարկմանը, որ ԲՀԿ-ն էլ էկրաններից չի իջնում, Մելքումյանն արձագանքել է. «Հասկացա, բայց որ դա առավոտից երեկո գեներացվում է, երբ միացնում ես, դրա մասին են խոսում, հասկանալի է, թե դա ինչ է»:
http://hraparak.am/?p=123033&l=am/+ete+iren+arajadrum+en+apagayi+varchap...