ԲՀԿ-ի կողմից Վարդեւան Գրիգորյանի առաջադրումը անհամեմատ դժվարացրեց ընտրական գործընթացը. ՀՀԿ-ական պատգամավոր
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի կողմից Վարդեւան Գրիգորյանի առաջադրումը անհամեմատ բարդացրեց ընտրական գործընթացը: Այս կարծիքը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, Գյումրիում ՀՀԿ-ի տարածքային կառույցներից մեկի պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը:
Նշենք, որ Գյումրիում ԲՀԿ-ն երկար ժամանակ չէր գտնում համեմատաբար մրցունակ թեկնածու, սկզբում առաջադրել էր այլ թեկնածու, որին կուսակցականները կտրականապես դեմ էին: Վերջերս փոխվեց թեկնածուն, եւ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորեց Գյումրիի Պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը: Ստացվում է` երկու նախկին ԲՀԿ-ականներ պայքարելու են միմյանց դեմ:
Վերջինս գործող քաղաքապետ, իշխող կուսակցության ցուցակը գլխավորած Սամվել Բալասանյանին ուժեղ մրցակից է համարվում, ինչը չեն թաքցնում նաեւ հանրապետականները:
Անդրադառնալով Վարդեւան Գրիգորյանի ընտրվելու հավանականությանը` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հետաքրքրիր ընտրություններ են սպասվում, որեւիցէ` բան բացառել պետք չի»:
Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանը ընդունել է ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու առաջարկը ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո: Թոշակի անցնելու հիմնավորմամբ է ազատվել, մինչդեռ այդ ժամկետը լրանում էր աշնանը: Որոշ տեղեկությունների համաձայն` նա վիրավորվել է իրեն ժամկետից վաղ ազատելու քայլից եւ ընդունել նախկին կուսակցության առաջարկը: Իսկ նրան վաղաժամ ազատելու պատճառը եղել է այն, որ ՀՀԿ-ն աշխատել է ընտրություններից առաջ այդ պաշտոնում նշանակել Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին, որը ՀՀԿ-ի նախնական սցենարով Գյումրիում պետք է գլխավորեր կուսակցության ցուցակը: