ԲՀԿ Վանաձորի տարածքային խորհուրդը փոխել է որոշումը. ցուցակը կգլխավորի Այծեմնիկ Օհանյանը
"Բարգավաճ ՀայաստանՆ" կուսակցության Վանաձորի տարածքային խորհուրդը մոտ մեկ ամիս առաջ որոշում էր կայացրել մասնակցելու հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին և նախնական որոշում էր կայացրել, որ ցուցակը գլխավորելու է ԲՀԿ-ի Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը, սակայն երեկ հենց խորհրդի կողմից այլ որոշում է կայացվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան:
«Երեկ 500 հոգու մասնակցությամբ տեղի ունեցած նիստում, տարածքային խորհուրդը հայտնեց, որ իրենց անցկացրած հարցումներով վանաձորցիների շրջանում շատ ավելի հանրային աջակցություն է վայելում Վանաձորում հարգված բժիշկ, ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին ավագանի Այծեմնիկ Օհանյանը և նա կգլխավորի համամասնական ցուցակը»,-ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն հարգում է խորհրդի կայացրած որոշումը և ճիշտ է համարում նաև այն փաստը, որ խոշոր քաղաքներում առաջադրվեն կին թեկնածուներ.« Պետք է կոտրել այն կարծրատիպերը, թե խոշոր քաղաքներում միայն տղամարդիկ կարող են լինել քաղաքապետ: Ես կարծում եմ, որ կինը կարող է մեջքը կոտրված քաղաքում մթնոլորտ փոխել»:
Հարցին, թե արդյո՞ք համամասնական ցուցակում է Հրանտ Մարգարյանը, Նարիա Զոհրաբյանն ասաց, որ ցուցակի երկրորդ համարը Հրանտ Մարգարյանն է:
Հարցին, թե ԲՀԿ-ն Վանաձորում արդեն ընտրե՞լ է կարգախոս, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն 87 համայնքներում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին և ունենալու է մեկ կարգախոս.«Դեռևս 2013 թվականին Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն մասնակցեց «Սկսենք Երևանից» կարգախոսով, դա ԲՀԿ-ի հիմնական կարգախոսներից մեկն է: Այժմ էլ բոլոր քաղաքներում ԲՀԿ-ն ունենալու է նույն կարգախոսը համանուն քաղաքի անվանումով. «Սկսենք Վանաձորից», «Սկսենք Գյումրիից», «Սկսենք Աշտարակից» և այլն: Որոշել ենք չփոխել մեր կարգախոսը, որովհետև այն հիմա ևս արդիական է»:
Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: