ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05/14/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների, կրթության, գիտության և արվեստի ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:





Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այս ձևաչափի հանդիպումները պարբերական են լինելու, որոնց ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող գիտնականները կարող են ներկայացնել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, առաջադրել լուծումներ, նախանշել կոնկրետ ծրագրեր, որոնք հետագայում կներառվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական ծրագրի մեջ: 



«Բոլորիս նպատակը մեկն է՝ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, մեզ համար կարևոր է, որ առաջադրված աշխատանքներին մասնակցեն իրենց ոլորտում հեղինակություն ունեցող գիտնականներ»,-ելույթում մասնավորապես նշեց ԲՀԿ նախագահը և հավելեց, որ առանց գիտական հենքի անհնար է պատկերացնել տնտեսության զարգացումը:
 
Առաջ քաշված խնդիրները հետագայում քննարկվելու են ոլորտ առ ոլորտ առաջիկայում ձևավորվող մասնագիտական հանձնաժողովներում: «Կա գիտական մեծ ներուժ, որը պետք է արդյունավետ օգտագործել»,- ամփոփում են նախաձեռնության հեղինակները: