Հանրության մի հատված լեգիտիմացրել է զենքով հարց լուծելու մարտավարությունը, քանզի 25 տարի ժողովրդին խաբել են. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ համակարգային փոփոխություններ չարվելու դեպքում ԱԺ աշնանային նստաշրջանը հնարավոր է նաև չմեկնարկի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործունեության հետևանքով Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
Հարցին, թե օրենսդիր մարմնի օրակարգում փոփոխություններ կլինե՞ն «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով, Զոհրաբյանն ասաց, որ եթե գործող իշխանությունը շարունակի ընդամենը խոսքերով պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի, իշխանական համակարգը այլասերող այլանդակ երևույթների դեմ և ռեալ քայլեր չարվեն, ապա սեպտեմբերյան նստաշրջանին դժվար է հասնել.«Եթե խոսքի քաղաքականությունը գործի քաղաքականություն չդառնա, ապա ես խիստ կասկածում եմ, որ մինչև սեպտեմբերյան նստաշրջան մենք կարող ենք հասնել»:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ քաղաքական օրակարգն անպայման կփոխվի, սակայն այսօր իշխանական՝ քիչ թվով խոսող պատգամավորներն ասում են, թե պիտի հետևություններ արվեն, այստեղ Նաիրա Զոհրաբյանն իր տեսակետն ունի.«Հատուկենտ հանրապետականներ խոսում և ասում են, որ պիտի հետևություններ անել, «պիտի»-ով չէ, հետևություններ պիտի արվեին վաղուց, արդեն ուշացել ենք, բայց գոնե հիմա պիտի արվեն քայլեր: Եթե կոնկրետ քայլեր չարվեն և մենք շարունակենք հանրությանը կերակրել խոսքերով, բառերով ես բացարձակ լավատես չեմ, որ ընդհանրապես սեպտեմբերյան նստաշրջան կգումարվի, թե ոչ»:
Զոհրաբյանի խոսքով` հանրության մի հատված լեգիտիմացրել է զենքով հարց լուծելու մարտավարությունը, որովհետև 25 տարի ժողովրդին անընդհատ խաբել են, անընդհատ կերակրել են կեղծ խոսքերով և որևէ իրական քայլ չի արվել:
«Ես կարծում եմ, որ մեր երկրում րոպե առաջ պետք է արվեն համակարգային փոփոխություններ, և ոչ թե խոսքերով, ինչի ականատեսն ենք մենք եղել անցած 25 տարիների ընթացքում, անխտիր բոլոր իշխանությունների ժամանակ, և որևէ ուժ, ով այսօր հավակնում է ժողովրդի անունից խոսելուն, ժողովրդի վստահությունը ստանալուն, պիտի նախ ներողություն խնդրեն իր նախկինում գործած սխալների համար, բոլորս էլ մեղավոր ենք հավասարապես երկրում ստեղծված իրավիճակի համար»,– ավելացրեց նա:
Հարցին, թե ի՞նչի հետևանքն է զենքով ընդվզումը երկրի ներսում, Զոհրաբյանն ասաց, որ զենքով, բռնությամբ, պատանդ վերցնելով ժողովորդավարություն չի հաստատվում: «Դա ասում եմ, բայց ես հասկանում եմ նաև հուսահատության հասած մարդու ընդվզումը: Ես ցավում եմ, որ երբ ես Խորենացի փողոցում զրուցում էի մանկավարժ կնոջ հետ, ով զոմբի չէ, ֆեյսբուքի պատերը ճանկռոտող արյան ծարավ չէ, այլ մտավորական, ասում է` թող մի հազար հոգի էլ մեռնի, մենակ մենք մեր խնդիրը լուծենք»:
ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ երկիրը հասել է վտանգավոր սահմանագծի, ինչի մեղավորն առաջին հերթին իշխանությունն է և նաև քաղաքական բոլոր ուժերը.« Բոլորս մեղավոր ենք, որևէ մեկը` նախկին, թե ներկա, թող չասի, թե ինքն անմեղ է և իր մեղքի բաժինը չունի»:
http://www.tert.am/am/news/2016/08/04/naira-zohrabyan/2097428