Պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել վերջին դեպքերի գործով կալանավորվածներին
Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ այցելել են ՀՀ ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ, որպեսզի տեսակցեն վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին, սակայն չեն կարողացել: Էնֆիաջյանը փոխանցում է, որ իրենք հանդիպել են ՔԿՀ պետին, ով տեղեկացրել է, որ վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել, դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց: «Սակայն, հարկ եմ համարում հրապարակել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու: Էական խնդիր է, երբ պատգամավորին արգելում են տեսակցել կալանավորվածներին: Մենք հետամուտ ենք լինելու և օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու», – փոխանցեց նա: